Ժամը 12:25-ի դրութեամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զէնքերից կրակ են բացել Նորաբակի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ: Այս մասին յայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրաւոր:
Յատկանշական է, որ Պաշտպանութեան նախարարութեան հրապարակած առաջին հաղորդագրութիւնում նշւած էր հայկական կողմի 4 զոհի մասին, բայց քիչ անց նախարարութիւնը տեղեկացրեց, որ համաձայն բժիշկներից ստացած նոր զեկոյցի, կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիւ միջոցառումների արդիւնքում զոհւած զինծառայողների ցուցակում յայտարարւած Նարեկ Կարէնի Պօղոսեանի սրտի զարկը վերականգնւել է։
Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրաւորում, գտնւում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողութիւնները զինծառայողի կեանքը փրկելու համար շարունակւում են:
Պաշտպանութեան նախարարութիւնը նախորդ հաղորդագրութիւնից հեռացնում է Նարեկ Կարէնի Պօղոսեանի անունը եւ հայցում հանրութեան եւ զինծառայողի ընտանիքի ներողամտութիւնը: