Աղբիւր՝ www.hyeli.com
Ղարաբաղում շատ են սփիւռքահայ այն ընտանիքները, ովքեր եկել, հաստատւել ու արմատներ են ձգել Ղարաբաղում։ Դրանցից մէկն էլ իրանահայ Արմոնդ Թահմազեանի եւ աւստրալահայ Արտեմիս Գրիգորեանի ընտանիքն է, որոնց երեխաներն այնքան լաւ են խօսում Ղարաբաղի բարբառով, որքան տեղացիները։ Դաշնակցական, մասնագիտութեամբ ոսկերիչ Արմոնդ Թահմազեանը ծնւել եւ մեծացել է Իրանում, բայց, ինչպէս ինքն է պատմում, ցանկութիւն միշտ եղել է գալ Ղարաբաղ, յատկապէս պատերազմի շրջանում, մտքով միշտ դէպի այս կողմն է եղել, բայց ելք չի եղել, որ կարողանար գալ Արցախ։ Յետոյ զուգադիպեց, եւ Դաշնակցութեան կենտրոնական կոմիտէն կարիք ունէր, որ մասնագէտներ գան ու աշխատեն երիտասարդների հետ, ու «առաջին ձեռը, որ բարձրացաւ՝ իմն էր՝ 99 թւականին։ Մտածեցի՝ գամ, ժամանակաւոր տեսնեմ ինչպէս է, բայց եկայ ու տեսայ, որ լաւ է ամէն ինչ, ու մնացի»։
Արմոնդը պատմում է, որ սկզբում ինքն ու գործընկերուհին, ով յետոյ պիտի դառնար իր կինը, մտածեցին Ղարաբաղում ապրելու համար նախաձեռնել եւ ստեղծել «Նռենի» յուշանւէրների խանութը. «Յետոյ մտածեցինք, որ աւելի լաւ կը լինի բազմանանք ու ամուսնանանք, «Նռենի»-ն էլ պատահական անուն չէր, այլ՝ որպէս նոր կեանք, որովհետեւ թէ Ղարաբաղի նոր կեանքն էր սկսւում, թէ մեր նոր կեանքը»։
Խանութում ներկայացւած են թէ վարպետների եւ թէ վարպետների աշակերտների գործեր։ Արմոնդն ասում է, որ որոշ գործեր նաեւ արտասահման է առաքում, խանութում իր գործերից էլ են ներկայացւած, բայց հիմնական նպատակն այստեղի արւեստագէտներին ի յայտ բերելն է, նրանց գովազդելը. «Խանութում պատահական ոչ մի բան չկայ, մենք առեւտրական չենք, չնայած առեւտուրով ենք զբաղւում։ Ամէն աշխատանք իր տեղացի մասնագէտն ու վարպետն ունի, եթէ մի բան չի սարքւում, նոր՝ ճարահատեալ, Երեւանից ենք բերում։ Փոքր տարիքից սկսել եմ վարպետութիւն անել, շատ լաւ վարպետներ եմ ունեցել, նաեւ իմ սեփական խանութները, բայց երբէք չեմ կարողացել քարը քարին դնել ու մեծացնել գործը։ Ղարաբաղ գալուց շատ լաւ չգիտէի, թէ ուր եմ գալիս, բայց եկայ ու մնացի, մի մագնիսական դաշտ կար, մնացի ու մինչեւ օրս էլ, փառք Աստծու, գոհ եմ, երեխաներս էլ մեծանում են, ու շատ աւելի գոհ եմ»։ Արմոնդն ընդգծում է՝ հայրենիքի կարօտը կար թէ իր եւ թէ կնոջ մէջ, իսկ Ղարաբաղն իրենց տւեց դա. «Դա ուրիշ տեսակ բան է, յատկապէս եթէ մի քիչ գաղափարական մօտեցում ես ունենում, այդ կարօտը շատ է խանգարում քեզ, ինձ խանգարեց, ու յաջողութեան հասայ»։
Արմոնդը չի ընդունում այն մօտեցումը, որ պետութիւնը պարտաւոր է բոլորին օգնել. «Նոր ստեղծւած պետութիւն է, եւ եթէ գալիս ենք, մի բան էլ մենք պիտի տանք, ոչ թէ ստանանք, բայց եթէ պէտք է ստանանք, նախ պէտք է տանք։ Ես յոյսս չեմ դրել պետութեան կամ որեւիցէ մէկի վրայ, մեր ուժերով ենք արել, նախ սկսել ենք շրջապատ ստեղծել»։
Հետաքրքրւում եմ՝ իր փոքրիկ բիզնեսով կարողանո՞ւմ է նորմալ վաստակել, ասում է՝ աշխատողը չի խեղճանայ այստեղ, ֆինանսապէս կարող է մի քիչ նեղութիւն կրել, յատկապէս որ երկրի վիճակը դեռ պատերազմական է, շփում դրսից քիչ կայ, եւ այդ առումով ակնկալիք այդքան չունի. «Այստեղ սեզոնային եկամուտ ունենք, տարին 4-5 ամիս, որ կարող ենք փող աշխատել։ Դժւար է, եթէ յոյսներս միայն դրա վրայ դնենք, բայց կողքից այլ գործեր էլ ենք անում եւ ունենք բարի հարազատներ, որ երբեմն օգնում են, որ կարողանանք գոյատեւել»։
Մեծ եկամուտներ վաստակելու փոխարէն Արմոնդը մեծ բաւարարւածութիւն է ստանում, երբ կարողանում է խանութի անունից Արցախը գովազդել, նա փորձում է Արցախը գովազդել ոչ միայն ինտերնետային ցանցերով, այլ նաեւ բարի լինելով, արտասահմանեան ծանօթների հետ կապի մէջ մտնելով, նւէրներ տալով, թանկ չվաճառելով։ Արմոնդն ընդգծում է, որ ունեն հնարաւորութիւն դրսում ապրելու, բայց նախընտրում են այստեղ ապրել, ինչը, ըստ նրա, քաջագործութիւն չէ, բայց ոգեւորում է նաեւ շատերին։ Նրա կարծիքով, Ղարաբաղն էլ այն երկրներից է, որ կարողանում է ճիշտ երեխայ մեծացնել։ «Իմ երեխան, 4-5 տարեկանից սկսած, դպրոցից գալիս է, գնում, տրանսպորտ նստում, այդպէս ոչ մի տեղ չես կարող, Աւստրալիայում տեսանք եւ փորձեցինք կեանքը, մեծ եկամուտ ես ունենում, մեծ փող ես ծախսում, բայց անհանգիստ ես լինում, երեխան տնիցդ դուրս եկաւ՝ քոնը չի։ Այստեղ երեխաները ճիշտ են մեծանում։ Աստւած գիտի, թէ կեանքն ինչ կը թելադրի, բայց մեր պլաններում չկայ Ղարաբաղից գնալ, մեր վերջին կէտն այստեղ է։ Շատերն ասում են՝ Ղարաբաղի հարցը պէտք է լուծւի, իմ համար Ղարաբաղի հարցը լուծւած է, եթէ ապրում ենք՝ արդէն լուծւած է»,- ասում է նա ու յաւելում, որ, այնուամենայնիւ, 1-2 ընտանիքով վերաբնակեցման հարցը չի լուծւում, սա պետական, ազգային հարց է։
Արմոնդն ու իր ընտանիքը պատերազմի վախով չեն ապրում, բայց միշտ պատրաստ են դրան. «Տունն էլ տիկնոջս ասել եմ, ոնց որ երկրաշարժը, այնպէս էլ պատերազմը, պիտի իմանանք որտեղ են մեր փաստաթղթերը, տաք շորերը, դրա համար միշտ պէտք է պատրաստ լինել, բայց որ ասես վախ կայ, իսկականից կարող եմ ասել՝ վախ չկայ»։