Աղբիւր՝ www.asbarez.com
Օդային փոխադրութեան ոլորտում 2014-ի առաջին 6 ամիսներին արձանագրւել է ճամբորդների եւ թռիչքների թւի աւելի քան 25 տոկոս աճ, ինչը որ Հայաստանի կառավարութեան կողմից յայտարարւած «Բաց երկնքի» քաղաքականութեան արդիւնքն է:
«Արմենիա միջազգային օդանաւակայաններ» ընկերութիւնից «Արմէնփրես»-ին յայտնել են, որ այս տարւայ յունիսին՝ 2013-ի յունիսի հետ բաղդատելով, «Զւարթնոց»-ում ուղեւորահոսքն աւելացել է 43 տոկոսով: Եթէ 2013-ի յունիսին օդակայանի ծառայութիւններից օգտւել է 145,339 ուղեւոր, ապա յունիս 2014-ին այդ ցուցանիշը կազմում է 208,408 ուղեւոր:
Թռիչքների թւի աճը այդ ժամանակաշրջանում կազմել է 42 տոկոս: 2014-ի յունիսին կատարւել է 1995 թռիչք՝ նախորդ տարւայ նոյն ժամանակաշրջանի 1405-ի փոխարէն: Եթէ 2013-ի յունիսին դէպի «Զւարթնոց» կանոնաւոր թռիչքներ էին կատարել 27 օդանաւային ընկերութիւններ, նրանց թիւն այսօր հասել է 33-ի։ Բացի դրանից, օդանաւային ընկերութիւններից շատերն աւելացրել են իրենց թռիչքների յաճախականութիւնները բոլոր ուղղութիւններով, ինչը որ պատճառ է դարձել տոմսերի գնի նւազեցմանը։