Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Հայաստանի հանրապետութեան Սփիւռքի նախարարութիւնը, Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանի բարձր հովանու տակ, 2012 թւականից իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական փառատօնը:

Յուլիսի 1-ին Ալ. Սպենդիարեանի անւան օփերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ հանդիսաւորութեամբ բացւեց «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատօնը, որին ներկայ էին Հ.Հ.-ի առաջին տիկին Ռիթա Սարգսեանը, Հայաստանի ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակեանը, Հ.Հ.-ի վարչապետ Յովիկ Աբրահամեանը, Հ.Հ.-ի Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը եւ այլ պաշտօնատար անձինք, հասարակական գործիչներ, արւեստագէտներ, մտաւորականներ:

Բացման արարողութիւնը բաղկացած էր հիմնական երեք մասերից` պատւիրակութիւնների շքերթ, բուն համերգային ծրագիր, մասնակիցների ընդհանուր շուրջպար:

Բուն համերգային ծրագիրը մեկնարկեց Հայաստանի հանրապետութեան օրհներգով` Աննա Մայիլեանի  կատարմամբ:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հ.Հ.-ի վարչապետ Յովիկ Աբրահամեանը: Նա մասնաւորապէս նշեց. «Հ.Հ.-ի կառավարութեան եւ անձամբ իմ անունից ջերմօրէն ողջունում եմ բոլոր մասնակիցներին: Բարո՛վ էք եկել Հայաստան: Ազգը ճանաչելի դարձնելու լաւագոյն միջոցը մշակոյթն է: Այստեղ համախմբւել է Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի եռամիասնութիւնը, որը մեր ուժի իրական գրաւականն է: Հաւաքւելով հայրենիքում եւ ձեր ներուժը ներդնելով հայրենի մշակոյթի զարգացման գործում`  դուք ձեր նպաստն էք բերում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման գործընթացում: Սա հայանպաստ, հայանւէր միջոցառում է:  Շնորհակալութիւն եւ բարի երթ բոլոր մասնակիցներին»:

Այնուհետեւ հանդիսավարներ Աւետ Բարսեղեան եւ սուրիահայ ուսանողուհի Լիւսի-Վանայ Կարապետեանը բեմ հրաւիրեցին «Իմ Հայաստան» փառատօնի «Պարարւեստի օրեր» ծրագրին մասնակցելու համար աշխարհի 12 երկրներից հայրենիք ժամանած 36 պարախմբերին` Ռ.Դ.-ից` «Շիրակ», «Տաշիր», «Կռունկ», «Հայասա», «Արմաւիր», «Նարեկ», «Արին Բերդ», «Տարօն», «Նարէ», «Արենի», «Կարօտ», «Արփի», «Հայաստանի փայլեր», «Արտոյտ», «Նաիրի», «Անի», «Թերպսիխորա», «Նոյեան», Վրաստանից` «Անի», «Ֆանտազիա», «Վանք», «Ջէյրան», «Վաչեան», «Բարալեթ», «Նաիրի», Ուկրայինայից` «Արաքս», «Արմենիա», Լիբանանից` «Արին», Քովէյթից` «Շաքէ», Աւստրալիայից` «Նաիրի», Կանադայից` «Անի», Ֆրանսիայից` «Արա», Ա.Մ.Ն.-ից` «Զւարթնոց» պարային խմբերին, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Արցախի պարախմբերին:

2012 թւականին առաջին անգամ իրականացած «Իմ Հայաստան» փառատօնի մասին պատմող տեսաերիզը դիտելուց յետոյ Արցախի պարի պետական խումբը ներկայացրեց Հայոց ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցին նւիրւած «Յիշում եմ եւ պահանջում» խորագրով պարային համարը:

Երաժշտական կատարումներով հանդէս եկան Հ.Հ.-ի վաստակաւոր արտիստ Շուշան Պետրոսեանը, Հ.Հ.-ի ժողովրդական արտիստ Թովմաս Պօղոսեանի ղեկավարած «Սայաթ-Նովա» մշակութային միութեան նորօրեայ աշուղների խումբը, Հ.Հ.-ի վաստակաւոր արտիստ, դուդուկահար Գէորգ Դաբաղեանը եւ նրա սաները, Հ.Հ.-ի վաստակաւոր արտիստ Լէյլա Սարիբէկեանը, երգիչներ Համլէթ Գէորգեանը եւ Արմինկան, պարային կատարումով` «Բերդ» Հ.Հ.-ի վաստակաւոր պարային խումբը:

Փառատօնի բացմանը առաջին անգամ ցուցադրւեց Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած պարային սիւիտ: Մասնակիցները հանդէս եկան առանձին համարներով եւ միասին պարեցին հայկական աւանդական քոչարին:

Համերգն ուղեկցւեց Հայաստանի տեսարժան վայրերի ցուցադրութեամբ եւ «Իմ Հայաստան» առաջին փառատօնի մասին պատմող պատկերներով:

Ձեռնարկի աւարտին Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքից ժամանած պարախմբերի եւ նրանց պարուսոյցների մասնակցութեամբ Ալ. Սպենդիարեանի անւան օփերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը ցնծաց հայկական քոչարիի հուժկու հնչիւնների տակ: