Տարեվերջի հանդէսով եզրափակւեց Ն. Ջ. հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի 2021-2022 ուսումնական տարեշրջանը, չորեքշաբթի՝ յունիսի 1-ին, հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ սաների հարազատների:

Ծրագրում, նախ բացման խօսքով ելոյթ ունեցաւ դպրոցի տնօրէն Քառոլին Դիլանչեանը: Նա սկզբում շնորհաւորանքի խօսք ասելով յունիսի 1-ի՝ Մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային տօնի առթիւ՝ փոքրիկներին մաղթեց երջանիկ մանկութիւն եւ փայլուն ապագայ: Այնուհետեւ իր խօսքի շարունակութեան մէջ մատնանշելով, որ անցնող տարեշրջանում երեխաները միայն 3-4 ամիս են սովորել դպրոցում, իսկ դրանից առաջ դասընթացներն եղել են հեռավար ձեւաչափով, աւելացրեց, որ այդ դժւարութիւններով հանդերձ կազմակերպել են այս աւարտական ձեռնարկը, քանի որ համոզւած են, թէ փոքր տարիքից սկսած մանուկները երգի, բանաստեղծութեան եւ թատրոնի միջոցով պիտի կապւեն իրենց ակունքներին եւ զգան իրենց ոսկեղնիկ մայրենի լեզւի քաղցրութիւնը:

Այնուհետեւ իրականացւեցին աշակերտական ելոյթները՝ երկու արարների ներքոյ: Առաջին վայրագոյրի ընթացքում մանկապարտէզի Կանաչ եւ Դեղին խմբակների սաները մարզական շարժումներով եւ արտասանութիւններով՝ ներկայացրին առողջ ապրելակերպի կարեւորութիւնը:

Երկրորդը նախակրթարանի սաների թատերական բեմադրութիւնն էր, որտեղ աշակերտները փնտռում էին այբուբենի կորած տառերը՝ արտասանելով ձայնաւորի, բաղաձայնի եւ կէտադրութեան նշանների կարեւորութեանն անդրադարձող բանաստեղծութիւններ:

Նախակրթարանցիներն իրենց ծրագրի աւարտին հայրենասիրական երգ կատարելով եւ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների դրօշները բեմ ներս բերելով՝ երդւեցին պահել ու պաշտպանել հայրենի հողն ու մայրենի լեզուն, ապա իրենց ելոյթը եզրափակեցին «Հրաժեշտ այբենարանին» երգով եւ աւարտական գլխարկների վեր նետումով:

Աշխոյժ եւ գունագեղ ելոյթներին յաջորդեց վկայականաբաշխման արարողութիւնը, որտեղ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանի են Թեմական ու Կրթական խորհուրդների ատենապետներ՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Վարուժ Մովսիսեանի, ինչպէս նաեւ դպրոցի տեսչուհու եւ պատկան ուսուցչուհիների միջոցով, սաները՝ խմբակ առ խմբակ, առանձնաբար ստացան իրենց վկայագրերը:

Ծրագրի աւարտին, գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին: Նա շնորհաւորելով Մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային տօնի առթիւ, առկայ դասընթացների վերսկսումը՝ դպրոցում սովորելու եւ խաղալու մանուկների կարեւորագոյն իրաւունքի վերստին ստացումը համարեց եւ աւելացրեց, որ դպրոցական խաղերն իրենց իմաստով, գեղեցկութեամբ եւ քաղցրութեամբ համեմատելի չեն որեւէ այլ խաղի հետ: Սրբազան հայրն իր խօսքի աւարտին շնորհակալական խօսքերով հանդէս եկաւ ուղղւած՝ ազգային մարմիններին, դպրոցի անձնակազմին, ծնողական խորհրդին ու ծնողներին՝ դպրոցի աշխատանքներում բարձր արդիւնք ապահովելու համար:

 

   Թղթակից (Նոր Ջուղա)