Երեքշաբթի` ապրիլի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ», «Ս. Մինաս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում նշւեց Տասը կոյսերի առակի յիշատակի օրը: Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը նախագահեց «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութեանը:
Ընթացքում ընթերցւեցին պատկան աստւածաշնչական դրւագներն ու սուրբգրային հատւածները, իսկ վերջին ընթերցման պահին պարմանուհիների կատարմամբ մարմնաւորւեց 10 կոյսերի առակը:
Աւարտին Սրբազան Հայրն անդրադառնալով Տասը կոյսերի առակին՝ դիմեց արարողութեանը մասնակից աշակերտուհիներին եւ ասաց. «Ձեր կեանքում յիմար կամ իմաստուն դառնալը ոչ թէ բախտի ու ճակատագրի հետ է կապւած, այլ՝ ձեր որոշման, քանի որ դուք էք որոշողը, թէ ապագայում ինչպիսի կանայք եւ մայրեր էք լինելու»: Նա պատգամեց նրանց նաեւ, որ իմաստուն ու խելացի անհատներ դառնալու համար՝ ջանասիրութեամբ սովորեն ու կրթւեն եւ ամենակարեւորը ունկնդրեն ու ի կատար ածեն թէ ծնողների եւ թէ Աստւածաշնի խօսքերը:
Յատկանշական է, որ առակը մարմնաւորող օրիորդների մասնակցութիւնն ապահովւելու հարցում թեմի Կրօնական խորհրդի հետ համագործակցել էին Նոր Ջուղայի «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրէնութիւնները:
Թղթակից (Նոր Ջուղա)