Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ, կազմակերպութեամբ Կենտ. վարչութեան կողմից նշանակւած յանձախմբի եւ միութեան բոլոր միաւորների համագործակցութեամբ, գարնանային արձակուրդներն առաւել հաճելի դարձնելու նպատակով, տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնք ստորեւ ներկայացնում ենք:
Միութեան Մարզական միաւորի եւ Ֆուտբոլի յանձնախմբի կազմակերպութեամբ մարտի 21 առ 25-ը տեղի ունեցան ընկերական մրցոյթներ՝ բասկետբոլ, սեղանի թենիս, ֆուտսալ եւ ֆուտբոլ մարզաճիւղերում, հետեւեալ կարգով.
Մարտի 21-ին իրականացւեց սեղանի թենիս անհատական եւ double-mix ձեւաչափով՝ Նոր Ջուղայի «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի, ինչպէս նաեւ ՀՄԱԿ-ի մարզիկների մասնակցութեամբ:
Մարտի 21-ին եւ 23-ին տեղի ունեցան բասկետբոլի մրցոյթներ՝ ՀՄԱԿ-ի եւ Նոր Ջուղայի «Արարատ»-ի խմբերի միջեւ:
Մարտի 22-ին, Նոր Ջուղայի «Արարատ» միութեան մանկա-պատանեկան բասկետբոլի խմբերի անդամների մասնակցութեամբ կազմակերպւեցին 3-ով 3 մրցոյթներ: Խմբերում ներառւած էին թէ՛ մարզիկներ եւ թէ՛ մարզկուհիներ: Վերջում օրւայ լաւագոյն մարզիկներ ճանաչւեցին Անայի Խաչեանն ու Մոնթէ Յովհաննէսը:
Նշւած ժամանակահատւածում չորս ֆուտսալի մրցոյթներ իրականացւեցին Նոր Ջուղայի «Արարատ» միութեան կրտսեր եւ երիտասարդական խմբերի մասնակցութեամբ, իսկ մարտի 24-ին տեղի ունեցաւ ֆուտբոլի մրցոյթ «Արարատ» միութեան երէցների եւ «Քառխանէ ղանդ» խմբերի միջեւ:
Յատկանշական է, որ վերոնշեալ բոլոր մրցոյթների մասնակիցներին շնորհւեցին գնահատագրեր: Գնահատագիր ստացան նաեւ «Արարատ» միութեան տղայոց մանկա-պատանեկան բասկետբոլի խմբի մարզիկները՝ օրեր առաջ նահանգի մրցոյթներում կրած փայլուն յաջողութեան՝ նահանգի ախոյեանը ճանաչւելու համար:
Սկաուտական միաւորի կազմակերպութեամբ մարտի 21-ին, իրականացւեց Գարնանամուտի դաշտահանդէսը: Երեկոն առաւել զւարճալի դարձաւ զանազան խաղերով ու թիրոլի կազմակերպմամբ, որոնց պատասխանատւութիւնը յանձն էին առել միաւորի Արի-Արենուշական հատւածի անդամները: Ընթացքում մատուցւեցին միաւորի Երէցական բաժնի եւ Ծնողական խորհրդի օժանդակութեամբ պատրաստւած համեղ ճաշատեսակները, իսկ Գայլիկ-Արծւիկ հատւածի անդամները ներկաներին բաժանեցին բացատրական բրուշուրներ՝ պատկան միաւորի աշխատանքների մասին:
Ուսանողական միաւորը երեքշաբթի՝ 22 մարտի երեկոյեան կազմակերպել էր գիտելիքների, արւեստի եւ ֆիզիքական խաղերի մրցոյթ՝ եօթ խմբերի մասնակցութեամբ: Առանձին խմբեր էին կազմել ՀՄԱԿ-ի, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի «Արարատ» միութեան միաւորների, ինչպէս նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչները: Հետաքրքիր եւ խանդավառ միջոցառման աւարտին ամփոփւեցին միաւորները եւ արդիւնքում առաջին տեղը գրաւեց Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզական միաւորի կողմից ներկայացւած «Արծիւ» խումբը, որը պարգեւատրւեց. միւս մասնակիցներին յանձնւեցին գնահատագրեր:
Ուսանողական միաւորը կազմակերպել էր նաեւ գրքերի եւ մտային խաղերի վաճառք, որը մեծ ընդառաջում գտաւ ներկաների կողմից:
Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 23 մարտի առաւօտեան, միութեան բացօթեայ տարածքում, մասնակցութեամբ 4-10 տարեկան շուրջ 40 մանուկների տեղի ունեցաւ «Գիտունիկի տնակ» ուսուցողական ձեռնարկը: Ծրագրում տեղ էին գտել ներկայացում, հեքիաթասացութիւն եւ գարնանային նախշերով գլխարկների պատրաստում:
Գարնանային արձակուրդների ընթացքում, բիւֆէի դժւարին աշխատանքը ստանձնել էր միութեան Երէցների միաւորը, իսկ ծրագրերի իրականացման գործում միութեան Կենտ. վարչութեան եւ միաւորների հետ համագործակցել էին նաեւ Կարգապահական կազմն ու մի շարք անհատներ:
Յատկանշական է, որ գարնանային ծրագրերի շարանի աւարտին, «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան կողմից յատուկ գնահատագիր շնորհւեց նոյն միութեան անդամուհի, վաստակաւոր բասկետբոլիստ եւ մարզիչ ու Իրանի կանանց բասկետբոլի հաւաքականի տարիների մարզիչ-պատասխանատու Այլին Մելիքեանին՝ ի գնահատում երկար տարիների վաստակի եւ վերջին ձեռքբերումների:
Թղթակից (Նոր Ջուղա)