Ուրբաթ՝ 2014 թւականի յունիսի 13-ի առաւօտեան, «Տարեցների տարւայ» Շահինշահրի յանձնախումբը, Հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում կազմակերպել էր միօրեայ ուրախ ժամանց՝ Շահինշահրի տարեցների մասնակցութեամբ: Սոյն ծրագրին իրենց անպակաս ներկայութիւնն ունէին Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, համայնքի պատգամաւոր տկն. Այիդա Մուրադեանը եւ 65-ից վեր մեծ բազմութեամբ տարեցներ:
Ծրագրի բացումը կատարեց «Տարեցների տարւայ» Շահինշահրի յանձնախմբի նախագահ պրն. Ռոբերթ Գորգին՝ բարի գալստեան խօսքով: Յանձնախմբի խօսքն ընթերցեց յանձնախմբի անդամ տկն. Սելինա Յովհաննիսեանը, մէջբերում կատարելով Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի «Տարեցների տարւայ» առիթով հրապարակած հռչակագրից, որի մէջ ասւել է. «Իւրաքանչիւր ընտանիքի առաջնեհերթ ու նւիրական պարտականութիւնը պէտք է լինի իր տարեց անդամների նկատմամբ անհրաժեշտ հոգածութիւն ցուցաբերելը եւ նոր սերնդի մօտ տարեցների նկատմամբ ունեցած յարգանքն ու սէրը աւելի խորացնելը: Նաեւ անհրաժեշտ է նիւթապէս սատարել գործող ծերանոցների եւ ընկերա-բժշկական կենտրոնների գործունէութեանը՝ առաւել բարելաւելու եւ ծաւալելու իրենց մարդասիրական ծառայութիւնը եւ նոր ծրագրեր մշակել արդիական եւ մասնագիտական մօտեցումներով»:
Տկն. Յովհաննիսեանն իր խօսքերի աւարտին շնորհակալութիւն յայտնեց բոլոր հիւրերին եւ ներկաներին՝ յանձնախմբի հրաւէրին ընդառաջելու եւ ծրագրին մասնակցելու համար, եւ բոլորին հարւիրեց վայելելու իրենց համար նախատեսւած ծրագիրը:
Ծրագիրը շարունակւեց ջերմ մթնոլորտում՝ համայնքի տաղանդաւոր երիտասարդ Մարտիկ Յովհաննիսեանի քաղցր եւ սիրւած ձայնով եւ երաժշտական կատարումներով: Ապա տեղի ունեցան զանազան մրցութիւններ՝ կին եւ տղամարդ տարեցների մասնակցութեամբ, որոնց յաղթողներին յանձնախմբի կողմից նւէրներ յանձնւեցին:
Ծրագրի յաջորդ բաժնում տեղի ունեցաւ ճաշկերոյթ, սակայն հայկական ոչ մի ճաշի սեղան չի կարելի պատկերացնել առանց սեղանավարի. այդ պարտականութիւնն ստանձնեց պրն. Մելքոն Շիրւանեանը, որն իր հերթին շնորհաւորեց տարեցներին իրենց տարւայ առիթով եւ պատշաճ կերպով կատարեց իրեն վստահւած գործը: Սրտի խօսք ասաց հոգշ. Հայր Սուրբը եւ իր բարեմաղթանքները փոխանցեց արժանաւոր ներկաներին: Ընթացքում, մասնակից տարեցների կողմից եւս հնչեցին գեղեցիկ երգեր եւ արտասանութիւններ: Ծրագրի ամբողջ ընթացքում տարեցները զանազան զբաղումներ ունեցան:
Ուրախ ժամանցը ջերմ մթնոլորտում շարունակւեց մինչեւ երեկոյեան ժամը 5-ը:
Լուսանկարիչ` Գեւիկ Խաչատրեան