Իւրաքանչիւր տարի, իրանական Էսֆանդ ամսի 22-ին, Իրանում նշւում է «Նահատակների յիշատակի օր»-ը:
Այդ օրւայ առթիւ, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի թեմիս հայ նահատակների յիշատակը մեծարելու նպատակով, Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, կիրակի՝ մարտի 13-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի «Ծաղկեայ» դահլիճում, հանդիպում տեղի ունեցաւ նահատակների ընտանիքների հետ:
Սոյն հանդիպմանը ներկայ էին թեմակալ առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանը եւ նոյն խորհրդի անդամ Սարմէն Մինասեանը, Կրօնական խորհրդի անդամ Սաքօ Տէր Յովհաննիսեանը, Սպահան նահանգի նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի հետ կապ Զարեհ Ղարախանեանը եւ նահատակների հարազատները:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ թեմակալ առաջնորդ Տէր Սիփան Ս. եպս. Քէչէճեանը:
Սրբազան Հայրն ասաց. «Այսօր, հաւաքւել ենք այստեղ մեծարելու եւ մեր յարգանքի տուրքը մատուցելու սրբազան ութամեայ պաշտպանութեան տարիների ընթացքում, յանուն ծննդավայր հայրենիքի պաշտպանութեան մարտի դաշտ նետւած եւ զոհւած թեմիս հայ նահատակների յիշատակը»:
«Գնահատելի երեւոյթ է Իրանում, թէ պետական մակարդակով եւ թէ ժողովրդի կողմից պատերազմի նահատակներին տածւող այս մակարդակի սէրն ու յարգանքը եւ նրանց արժեւորումը: Սա պէտք է օրինակ ծառայի այլ երկրների համար՝ նոյն կերպ վերաբերւելու, ինչպէս նաեւ ուշադրութեան կետրոնում պահելու նրանց ընտանիքներին», յաւելեց նա:
Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանը եւս բարի գալուստ մաղթելով ներկաներին, անդրադարձաւ Իրանի ամբողջականութիւնը պահպանելու ճանապարհին զոհւած հայորդիների արիութեանն ու անձնազոհութեանը, եւ հաւաստիացրեց, որ նրանք ոչ միայն մեր, այլ Իրանի ամբողջ ժողովրդի պարծանքն ու հպարտութիւնն են: Այնուհետեւ խօսքն ուղղելով նահատակների հարազատներին, առիթ տւեց նրանց արտայայտւելու:
Վերջիններս ներկաների հետ կիսւեցին իրենց նահատակ զաւակների վերաբերեալ յուշեր պատմելով, այնուհետեւ մատնանշեցին առկայ դժւարութիւնները, որոնց լուծման ուղղութեամբ ազգային մարմինների ներկայացուցիչները խոստացան ըստ կարելւոյն հարկ եղածը կատարել:
Հանդիպման շարունակութեան մէջ Զարեհ Ղարախանեանը տեղեկացրեց, որ Սպահանի նահանգապետարանի, Արւեստի կենտրոնի եւ հեռուստատեսութեան համատեղ նախաձեռնութեամբ, նկարահանւում է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի թեմիս հայ նահատակների զոհաբերութեան մասին պատմող հայերէն լեզւով ֆիլմ, որը ցուցադրւելու է թէ Իրանում եւ թէ Հայաստանում, եւ խնդրեց նահատակների ընտանիքների համագործակցութիւնը կազմակերպիչների հետ:
Ծրագրի աւարտին առաջնորդ Սրբազան Հայրը «Հոգւոցն հանգուցելոց» աղօթքով Աստծուց հայցեց, որ նահատակների հոգիները խաղաղութեան մէջ պահի եւ երկնքի արքայութեան արժանացնի:
Վերջում ծաղիկներ եւ նւէրներ յանձնւեցին նահատակների ընտանիքներին:
Թղթակից (Նոր Ջուղա)