Երկուշաբթի՝ յունիսի 21-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բացօթեայ տարածքում, Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի Ընտրական յանձնախմբի կազմակերպութեամբ, նշւած ընտրութիւնների քարոզարշաւի շրջագծում տեղի ունեցաւ երկրորդ եւ վերջին հանրային հանդիպումը, որտեղ ելոյթ ունեցան Նոր Ջուղայի ընտրատարածքի թեկնածուների երկրորդ եօթ հոգանոց խումբը:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, քահնայ հայրերը, ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Ինչպէս առաջին հանդիպումը, սա էլ նոյնպէս մեկնարկեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ՝ Արցախեան պատերազմի ընթացքում զոհւածների անմոռաց յիշատակին, ապա նախընտրական ելոյթների շրջագծում թեկնածուներ՝ Սարմէն Մինասեանը, Նորւիկ Պօղոսեանը, Արգին Աբնուսեանը, Աշոտ Դաւթեանը, Մինաս Թահմազեանը, Գեղարդ Մանսուրեանն ու Արմինէ Սիմոնեանը հերթաբար ներկայացրին իրենց կենսագրական գծերն ու ծրագրերը, իսկ վերջին բաժնում պատասխանեցին ներկաների հարցումներին:

Ելոյթների աւարտին թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը շնորհակալական խօսք ուղղելով շրջանաւարտ Պատգամաւորական ժողովի, ինչպէս նաեւ ազգային մարմինների ու ենթամարմինների կազմերին եւ ազգային աշխատանքների իրականացման գործում Թեմական խորհրդին աջակցութիւն ցուցաբերած անհատներին, տեղեկութեան  կարգով  աւելացրեց, որ թէեւ համաճարակի պատճառով զգալիօրէն կրճատւել են Ազգային առաջնորդարանի եկամուտները, սակայն իրավիճակի ճիշտ տնօրինման շնորհիւ, Թեմական խորհրդին յաջողւել է բոլոր վճարումներն ու յատկացումները ժամանակին իրականացնել: Նա յաջողութիւն մաղթելով յաջորդ Պատգամաւորական  ժողովին եւ ազգային մարմիններին՝ յոյս յայտնեց, թէ սոյն մարմիններին կը յաջողւի լրացնել եկամուտների կրճատման պատճառով անաւարտ մնացած մի շարք նախագծեր:  

Այս երեկոն էլ ինչպէս նախորդը վարեցին Միգանուշ Տէր-Մարտիրոսեանն ու Զարեհ Ղարախանեանը:

Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները կայանալու են ուրբաթ՝ յունիսի 25-ին: Նոր Ջուղայի ընտրատեղամասերը լինելու են հայոց ազգ. «Արմէն» տարրական դպրոցի եւ Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակերում:

 

Թղթակից (Նոր Ջուղա)