Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 103-ամեակի Սպահանի հայոց թեմի Տօնակատարութեան յանձնախմբի միջոցառումները երկրորդ տարւայ համար իրականացւեցին համացանցային հարթակներում:
Այս ծիրում մայիսի 28-ին, Ազգային Առաջնորդարանին պատկանող ինստագրամի national.events_nj էջում տեղադրւեցին հետեւեալ տեսանիւթերը.
Դրօշակի արարողութիւն եւ Հանրապետական մաղթանք՝
Դրօշակի արարողութիւնն իրականացւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի դրօշակակիր խմբի միջոցով, ապա շարունակութեան մէջ տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ, որն աւարտւեց ՀՀ օրհներգով ու «Տէրունական» աղօթքով։
Սպահանի հայոց թեմի առաջնորդի պատգամ՝
Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր հայրական պատգամում անդրադառնալով այն հանգամանքին, որ 1918 թւականին Հայաստանի անկախութեան կերտումը հեզասահ պայմաններում տեղի չի ունեցել, աւելացրեց, որ իմաստուն ղեկավարութեան շնորհիւ սխրագործ հայ ժողովուդրը, ոչ միայն կարողացաւ վերածնւել ու վերականգնել, այլեւ հիմնել Հայաստանի առաջին Հանրապետութիւնը։ Նա իր խօսքում նշելով, թէ այսօր դարձեալ կրկնւում է պատմութիւնը, կոչ արեց՝ եթէ իւրաքանչիւր անձ իր ներաշխարհում ունի հետեւեալ գործօնները՝ հաւատք, յոյս, համազգային իսկական գաղափարներ ու արժէքներ, յարգանք, միասնութիւն եւ վճռակամութիւն, դասեր քաղելով պատմութիւնից, աշխատի իրավիճակը բարեփոխել ու փրկել հայրենիքը։
Ազգային իշխանութեան խօսք՝
Ազգային մարմինների անունից ելոյթով հանդէս եկաւ Թեմական խորհրդի անդամուհի Սոնիկ Բաղումեանը, որտեղ անդրադառնալով Հայաստանի առաջին Հանրապետութեան լուրջ ձեռքբերումներին, ինչպիսին են՝ հայկական բանակի ու հայկական դրամի ստեղծումը, Երեւանում առաջին համալսարանի հիմնադրումը, խորհրդարանական ընտրութիւնների իրականացումը եւ ամենակարեւորը ընդամենը երկամեայ ժամանակահատւածում Հայաստանի Հանրապետութեան հողային տարածքի զգալի մեծացումը, աւելացրեց. «Այսօր աւելի քան մէկ դար անց, մեր հայրենիքին կրկին ալեկոծում է միեւնոյն սպառնալիքը՝ թուրքական եւ մեծապետական նկրտումները եւ ծրագրերը, որոնք մեզ հարւածի տակ են առել՝ եʹւ ներքին ճակատում՝ ազգային շահը, ազգի եւ հայրենիքի անվտանգութիւնը ետին գիծ շպրտող, ազգային բոլոր արժէքները կասկածի ենթարկող, օտարածին ուժերին ու հոսանքներին հովանաւորելով, ե՛ւ արտաքին ճակատում՝ ռազմական ու քաղաքական հսկայ արշաւով… Մէկ դարւայ ժամանակային հեռաւորութեամբ միեւնոյն պատկերն է գծագրւում մայիսին՝ լինելութեան կռիւը յանուն մեր մի բուռը, մեր սրբազան մասունք հայրենիքը պահպանելու եւ որպէս հնամենի ազգ համամարդկային ընտանիքում հայկականի վաստակի եւ ներդրման շարունակականութիւնը պահպանելու համար։ Ու այս ճանապարհից ոչ մի շեղում, ոչ մի սայթաքում այլեւս ընդունելի չէ, առաւել եւս ու առաջին հերթին ներազգային ճակատում»:
Պատգամի աւարտին կարեւորութեամբ ընդգծւած էր, որ Սպահանի հայոց թեմն իր հերթին կառչած մնալով հայրենիքին զօրակցելու իր յանձնառութեանը, հայոց պետականութեանը, հողային ամբողջականութեանը, սահմանների անխախտելիութեանը նպաստող բոլոր գործողութիւններին օժանդակելու եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդի կրած վէրքերի ամոքման նպաստելու ուղղութեամբ, յատկապէս շարունակելու եւ նոր թափ է հաղորդելու համայնքային կեանքում՝ ազգայինի խորացման գործին եւ հայ սերունդների մէջ հոգեւոր հաւատամքի, մշակոյթի ու հայրենասիրութեան ոգու դաստիարակութեան եւ տարածման աշխատանքներին։
Գեղարւեստական բաժին՝
Տօնակատարութեան յանձնախմբի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի համագործակցութեամբ պատրաստւել էր «Սարդարապատ» երգի տեսահոլովակը՝ Թանիա Մինասեանի մենակատարմամբ. ֆիլմը ողողւած էր համայնքի մի շարք անդամների կատարման անձայն կադրերով։ Մենակատարումն իրականցւել էր Դաւիթ Թորոսեանի Էլեկտրիկ գիթարի նւագակցութեամբ եւ Հարմա Կարապետեանի գործիքաւորմամբ։
Հարկ է նշել, որ մայիսի 25-ից 28-ը ժամանակահատւածում, ինստագրամի էջում տեղադրւեցին նաեւ նախորդ տարիների տօնախմբութիւնների տեսաֆիլմերից դրւագներ։
Թղթակից (Նոր Ջուղա)