Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ նախաշեմին, կիրակի՝ 2020 թւականի սեպտեմբերի 20-ի առաւօտեան, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում անյայտ կորած Հրաչ Յակոբեանի ծնողների բնակարան այցելեցին Իրանի զինւած ուժերի ընդհանուր շտաբի անյայտ կորածների որոնման կոմիտէի հրամանատար Սէյեդ Մոհամմադ Բաղերզադէն ու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, հիւրընկալին տեղեկացնելու՝ շուրջ 33 տարիներ անյայտ կորած իրենց որդու դիակի գտնւելու մասին:

Հրամանատարի հաղորդած տեղեկութիւնների համաձայն, դին գտնւել է 2012 թւականին՝ Բաբա Հադի բարձունքների վրայ իրականացւած որոնման աշխատանքների արդիւնքում, սակայն դիակի ինքնութեան պարզ չլինելու պատճառով, այն որպէս անյայտ նահատակ 2013 թւականին ամփոփւել է Զահեդան քաղաքի Ազատ համալսարանի շրջափակում: Վերջերս իրականացւած ԴՆԹ թեստերի միջոցով յաջողւել է պարզել դիակի ինքնութիւնը:

Նորջուղայեցի Հրաչ Յակոբեանը նահատակւել է 1987 թւականի (իրանական 1366թ.) ապրիլի 9-ին, Ղասրէ Շիրինի մօտակայքում ընկած Բաբա Հադի բարձունքների ազատագրման նպատակով իրականացւած «Քարբալա 9» ռազմական գործողութեան ընթացքում:

Նահատակի հարազատների ցանկութեամբ Հրաչ Յակոբեանի մասունքները հանգիստ կառնեն Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը: 

Այս այցելութեան ընթացքում Առաջնորդ Սրբազան Հօրն ընկերակցում էին Թեմական խորհրդի անդամ Վահիկ Թորոսեանն ու Ազգային առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանը:


Թղթակից (Նոր Ջուղա)