Չորեքշաբթի՝ ապրիլի 22-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի առիթով իր պատգամը փոխանցեց՝ թեմի 105-ամեակի ոգեկոչման յանձնախմբի ինստագրամի armeniangenocide_nj էջով՝ ուղիղ միացմամբ:

Նա նշելով, որ հայ ժողովուրդը 21-րդ դարում ունի ազատագրւած Արցախը, սակայն միւս կողմից ունի դեռ չլուծւած Հայ Դատ, աւելացրեց, որ մարդ արարածը դասեր է քաղում իր գլխին եկած արհաւիրքներից եւ հայ ազգն էլ որպէս մարդկային հաւաքականութիւն հետեւեալ դասերն է քաղել Հայոց Ցեղասպանութիւնից.

ա. Պաշտպանւել մինչեւ վերջ.

բ. Կազմակերպւած լինել.

գ. Բոլոր պայմաններում միասնականութիւնը պահպանել.

դ. Գործել ծրագրւած եւ աշխատել հետեւողական, քանի որ դրանք են յաղթանակի գրաւականը:

Պրն. Մովսիսեանն իր խօսքի աւարտին շեշտելով, որ 105-ամեակի ոգեկոչումը կատարւում է բոլորովին այլ պայմաններում, ասաց. «Այս օրերին, որ համաճարակի պատճառով աւելի ենք ամփոփւած, լայն ժամանակ ունենեք խորհելու, թէ որն է մեր աւանդելիք դասը յետագայ սերունդներին»:


Թղթակց (Նոր Ջուղա)