Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից, Ազգային առաջնորդարանում (Նոր Ջուղա-Ս. Ամենափրկիչ վանք), կորոնավիրուսի համաճարակի դէմ պայքարի ուղղութեամբ առաջացած յատուկ շտաբն իր աշխատանքը շարունակում է եւ անգամ իրանական Նորուզի արձակուրդների ընթացքում չի դադարել դրա գործունէութիւնը:

Շտաբը շարունակ կապի մէջ է եղել կորոնավիրուսի դէմ պայքարող Սպահանի բուժկենտրոնների, ինչպէս նաեւ հեռաւոր շրջանների հայ համայնքների պատասխանատուների հետ եւ տեղեկացել թեմիս ենթակայ հայ համայնքների ժողովրդի առողջական վիճակի մասին: Ստացւած տեղեկութեան համաձայն՝ թեմիս շրջանակում արձանագրւել են երկու վարակւածներ, որոնք ապաքինւել են: Արձանագրւել է նաեւ կորոնավիրուսի կասկածով մէկ հայորդու մահ:

Շտաբի միջոցով Ազգային առաջնորդարանում ու հայկական հաստատութիւնների կենտրոնատեղիներում հականեխիչ նիւթերով պարբերաբար իրականացւում է ախտահանման աշխատանքը:

Թեմական խորհրդի կարգադրութեամբ, նշւած շտաբի կազմակերպութեամբ եւ  Բարեսիրական մարմնի համագործակցութեամբ, հիգիենիկ կապոցներ են տրամադրւում  թեմիս կենցաղային ոչ բարենպաստ պայմաններում գտնւող ընտանիքներին եւ յատուկ հոգածութիւն ցուցաբերւում անխնամակալ անհատների նկատմամբ:

Առողջապահական նկատառումներից ելնելով, մինչեւ երկուշաբթի՝ 2020 թւականի ապրիլի 13-ը, աշխատանքային օրերին Ազգային առաջնորդարանում աշխատել են դիւանատունը եւ Կրօնական խորհրդի ու հաշւապահութեան գրասենեակները, իսկ միւս գրասենեակների պաշտօնեաները հեռակայ գործունէութիւն են ծաւալել. նշւած թւականից, առողջապահական պրոտոկոլներն յարգելով, իրենց բնականոն աշխատանքն են սկսել բոլոր գրասենեակները:

Յատկանշական է, որ մարտի 10-ից դադարեցւել են Ս. Ամենափրկիչ վանքի զոյգ թանգարանների աշխատանքները եւ սոյն զբօսաշրջութեան կենտրոնների պաշտօնեաները ապրիլի 13-ից զբաղւում են թանգարանային իրերի եւ կրպակների մաքրման ու վերադասաւորման աշխատանքներով:   


Թղթակից (Նոր Ջուղա)