Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ Ծաղկազարդը, նշւեց կիրակի՝ ապրիլի 5-ի կէսօրին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի “Ս. Յովսէփ Արիմաթացի” եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ սարկաւագաց դասի:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով արարողութիւնը կատարւեց առանց հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ:
Սկզբում հնչեց “Տէրունական աղօթք”-ը, ապա կատարւեց Անդաստանի կարգը եւ օրհնւեցին ձիթենու ճիւղերը:
Այնուհետեւ թեմակալ առաջնորդն իր սրտի խօսքն ուղղեց թեմիս զաւակներին: Սրբազան Հայրը շեշտելով, որ եկեղեցում ձիթենեաց ճիւղը խորհրդանշում է Ծաղկազարդ տօնը, իսկ աշխարհում այն խորհրդանշում է խաղաղութիւն, կոչ արեց իւրաքանչիւր հաւատացեալի, որ Ծաղկազարդի տօնը պատեհ առիթ համարելով, զգաստանայ եւ ճշտի, թէ այսօրւայ աշխարհում, որտեղ շարունակ կռիւներ են տեղի ունենում չար եւ բարի խմբերի միջեւ, որ խմբին է պատկանում եւ բարի նպատակների տէր է թէ ոչ:
Սրբազան Հայրն իր խօսքի մի այլ բաժնում յոյս յայտնելով, որ ի վերջոյ աշխարհում խաղաղութիւն կը հաստատւի՝ բարիների յաղթանակով եւ չարերի պարտութեամբ, ցանկացաւ, թէ օրհնւած ձիթենու ճիւղերը, որոնք առաջիկայ օրերի ընթացքում կը բաժանւեն թեմիս ընտանիքներին, Աստւածային բարիքներով կը լցնեն հաւատացեալների բնակարանները:
Նա վերջում աղօթեց առ Բարձրեալն Աստծուն, որ պահպանի ժողովրդին եւ առողջութիւն պարգեւի բոլորին:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան