Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բասկետբոլիստուհիները, երկրի մակարդակում մասնակից դարձան՝ Սպահանի «Նամինօ» կանանց բասկետբոլի խմբի յաղթանակին:  

Չորեքշաբթի՝ փետրւարի 26-ին կայացած բասկետբոլի բարձրագոյն լիգայի դասակարգման երրորդ փուլի մրցոյթում (بازی مرحله سوم رده بندی لیگ برتر) Սպահանի «Նամինօ» կանանց բասկետբոլի խումբը հիւրընկալութեամբ «Փալայեշէ նաֆթէ Աբադան» հաւաքականի,  67-60  արդիւնքով  պարտութեան մատնեց մրցակից թիմին եւ երկրի մակարդակում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Սպահանի «Նամինօ» հաւաքականի  այս յաղթանակին  կարեւոր դերակատարութիւն են ունեցել նշեալ խմբի անդամուհիներ՝ Անայիս Խուդավերդեանը, Լուսինէ Սէթ-Աղայեանը, Լուսինէ Ասատրեանը եւ Սելին Խոջամալը:   

Խմբի  տեխնիկական պատասխանատուն՝ Իրանի անւանի բասկետբոլիստուհի եւ մարզիչ՝ Այլին Մելիքեանն է, մարմնամարզութիւնը վստահւած է Անիա Յովսէփեանին, իսկ մարզիչն է՝ Սեփիդէ Ջաֆարին:  

Նշեալ բասկետբոլիստուհիները մաս են կազմում Ն. Ջ. Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան բասկետբոլի խմբին:

Ն. Ջ ՀԱՅ Մ.Մ.«ԱՐԱՐԱՏ»ՄԻՈՒԹԵԱՆ
ԹՂԹԱԿԻՑ՝ ԵՐԱՆՈՒՇ ԹԱՀՄԱԶԵԱՆ

Լուսանկարը տրամադրել է Անահիտ Սարհադեանը