Հինգշաբթի, 2020 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, Ս. Վարդանանց եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով, մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:
Պատարագիչ քահանայ հայրն օրւայ իր քարոզում անդրադառնալով Վարդանանց պատերազմին՝ որպէս հայոց պատմութեան փայլուն էջերից եւ սոյն իրադարձութեան անժխտելի դերակատարութեանը հայ ժողովրդի գոյատեւման գործում, նշեց, որ հայ ժողովուրդը Վարդանանց պատերազմից յաղթական դուրս եկաւ, քանի որ կարողացաւ պահպանել իր կրօնն ու մշակոյթը:
Յատկանշական է, որ «Յատուկ խնամքի կարօտ հայորդիներ»-ի տարւայ առթիւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան մտայղացմամբ, այս տօնի ամենամեայ մատաղի փոխարէն՝ նիւթական օժանդակութիւն կատարւեց համայնքի կարիքաւոր ընտանիքներին:
Պատարագին ներկայ էին նաեւ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ դպրոցի պատասխանատուներն ու աշակերտութիւնը:
Նոյն օրը երեկոյեան ժամը 5:00-ին, «Սրբոց Վարդանանց» եկեղեցում կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւն, որից յետոյ շրջափակում համայնքի նորապսակ զոյգերի եւ նորածին մանուկների ծնողների միջոցով վառւեց աւանդական խարոյկը:
Թղթակից (Շահինշահր)