Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը դոկտ. Արբի Բաբումեանի ղեկավարութեամբ, մասնակցելով «Ֆաջր» երաժշտական 35-րդ փառատօնին՝ ելոյթ ունեցաւ Թեհրանի «Ռուդաքի» դահլիճում:
  Ոչ-մրցութային բնոյթ կրող ամենամեայ այս երաժշտական միջոցառումը տեղի ունեցաւ փետրւարի 13-19-ը, Թեհրանի տարբեր դահլիճներում, որտեղ կատարումներով հանդէս եկան երաժշտական խմբեր եւ անհատ երաժիշտներ՝ զանազան երկրներից ու Իրանի տարբեր շրջաններից:
  Փառատօնին հանդէս եկած երգչախմբերի շարանում էր Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը, որը մասնակցութեան հրաւէր էր ստացել յայտ ներկայացրած բազմաթիւ խմբերի միջից: Խումբն իր ելոյթը կատարեց շաբաթ՝ 2020 թւականի փետրւարի 15-ի երեկոյեան, Թեհրանի «Ռուդաքի» դահլիճում՝ անզուգական կատարմամբ հնչեցնելով հետեւեալ վեց երգերը՝ «Գլորիա» (Վիվալդի), «Այ սար քոթալ» (տեղական երգ, մշակում՝ Ռուբիկ Գրիգորեան), «Բառուն-բառունէ» (տեղական երգ, մշակում՝ Արբի Բաբումեան), «Լէյլամէ» (տեղական երգ, մշակում՝ Սերգէյ Աղաջանեան), «Շողեր ջան» (Կոմիտաս) եւ հայրենասիրական երգերի շարան (մշակում՝ Մաւիսակալեան):
  Ելոյթի ընթացքում երգչախմբին դաշնամուրի նւագակցութեամբ ընկերակցեց Նայիրա Ալեքսանեանը:
  Յատկանշական է, որ «Կոմիտաս» երգչախմբի վերոնշեալ կատարումներն արժանացան փառատօնին մասնակից միւս խմբերի, ինչպէս նաեւ երաժշտութեան ոլորտի մասնագէտների ու սիրահարների բարձր գնահատանքին:


Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները տրամադրեց երգչախումբը