Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի նախաձեռնութեամբ, նոյն միութեան հիմնադրման 90-ամեակին նւիրւած միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 24-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ 1930 թւականին հիմնադրւած Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան վեց հիմնադիրներ՝ Մարտիրոս Մարտիրոսեանի, Սիմոն Իսրայէլեանի, Մնացական Մադաթեանի, Մելքոն Իսրայէլեանի, Սիմոն Աւետիսեանի եւ Սարգիս Մադաթեանի, ինչպէս նաեւ վախճանեալ անդամ-ուհիների յիշատակին:
Արարողութիւնից յետոյ եկեղեցու սրահում կայացած ընդունելութեան ընթացքում Թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը բարձր գնահատելով յոբելեարի 90-ամեայ երթը՝ աւելացրեց, որ միութեան ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար՝ նրանց յիշատակին աղօթելուց բացի, հարկաւոր է գործնական աղօթք իրականացնել, որն այս պարագային նշանակում է՝ միութենականները պէտք է բուռն աշխատեն եւ ջանք չխնայեն հիմնադիրների նպատակների իրականացման ուղղութեամբ եւ ամէն ճիգ ի գործ դնեն «Չհարմահալ» միութիւնն առաւել զօրեղացնելու եւ պայծառացնելու համար:
Թղթակից (Նոր Ջուղա)