Հինգշաբթի՝ 2019 թւականի դեկտեմբերի 26-ի առաւօտեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանում խանդավառ մթնոլորտի ներքոյ, նշւեց Նոր տարւայ նախատօնակը:
Այս առիթով, ինչպէս նաեւ սաների ուսման վիճակից առաւել տեղեկանալու համար՝ նոյն օրը վարժարան այցելեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Թեմական խորհրդի անդամներ՝ Նորայր Թումանեանն ու Սոնիկ Բաղումեանը եւ Կրթական խորհրդի ատենապետ Մինաս Գէորգեանը:
Պատւիրարկութեանը դիմաւորեցին Կրթական խորհրդի անդամուհիներ եւ վարժարանի պատասխանատուներ՝ Սաթենիկ Աւետումեանն ու Արմինէ Սիմոնեանը: Այնուհետեւ հիւրերն այցելեցին դպրոցի դասարաններ, ուր մօտիկից ծանօթացան աշխատանքներին եւ սաների առաջադիմութեանը՝ հայերէն առարկաները՝ ի մասնաւորի հայոց լեզուն սերտելու հարցում:
Դպրոցի գրասենեակում հանդիպում կայացաւ պատւիրակութեան եւ վարժարանի պատասխանատուների միջեւ, ուր նախ այցելուների կողմից գնահատանքի խօսք ասւեց դպրոցի պատասխանատուներին եւ ուսուցչական կազմին՝ կատարած արդիւնաւէտ գործունէութեան համար, ապա զրոյցը ծաւալւեց վարժարանի աշխատանքներն ընդլայնելու ուղղութեամբ եւ հնչեցին հետեւեալ երեք առաջարկները՝ համադրելով Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» եւ դպրոցների գրադարանների պատասխանատուների հետ՝ վարժարանի գրադարանը, որի գրքերը վերադասաւորւել են դպրոցի անձնակազմի եւ Կրթական խորհրդի ջանքերի շնորհիւ, օժտել մերօրեայ նիւթերով, մտային խաղերով ու հնարաւորութիւններով. 7-9-րդ եւ 10-12-րդ դասարանցի շահինշահրահայ աշակերտների համար՝ սոյն վարժարանի տարածքում նոյնպէս կազմակերպել մէկօրեայ հայկական դպրոց եւ որպէս փորձնական շրջան աշխատանքն սկսել ընթացիկ ուսումնական տարեշրջանի 2-րդ կիսամեակից. համայնքի անդամների հայերէնի իմացողութեան մակարդակը բարձրացնելու համար, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան հետ խորհրդակցելով, սկզբում սաների ծնողների, ապա համայնքի միւս անդամների մասնակցութեամբ կազմակերպել հայագիտական դասընթացներ:
Հանդիպման աւարտին, վարժարանի սրահում իրականացւեց Ամանորեայ խրախճանք, որտեղ աշակերտները հանդէս եկան տօնական երգերով, ասմունքներով եւ Նաւասրադի ու Նոր տարւայ առթիւ բացատրական խօսքերով, իսկ աւելի ուշ նրանց միացաւ Ձմեռ պապիկն եւ Ձիւնանուշիկը, ովքեր բազմապատկեցին սաների տօնական տրամադրութիւնը եւ նրանց նւիրեցին Ամանորեայ մրգի կապոցներ:
Կիրակնօրեայ դպրոցի կողմից պատրաստւել էին նւէրներ, որոնց սաներին նւիրեց առաջնորդ Սրբազան Հայրը:
Գեղարւեստական ելոյթների աւարտին արտայայտւեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով շնորհաւորելով գալիք Ամանորի կապակցութեամբ, բարձր գնահատեց մէկօրեայ դպրոցի աշխատանքները, իսկ աշակերտութեանը յորդորեց՝ միշտ նոյն ժրաջանութեամբ եւ աշխատասիրութեամբ գործունէութիւն ցուցաբերեն հայկական բոլոր միջավայրերում: Սրբազան հայրն իր խորին շնորհակալութիւնը յայտնեց Կրթական խորհրդին եւ դպրոցի անձնակազմին՝ միջոցառումը կազմակերպելու առթիւ:
Թղթակից (Շահինշահր)