Երկուշաբթի՝ 2019 թւականի նոյեմբերի 11-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ընդառաջելով «Ընդհանուր պատում» խորագիրը կրող գեղանկարչութեան ցուցահանդէսի կազմակերպիչների հրաւէրին, ընկերակցութեամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի եւ Թեմական խորհրդի անդամ Վահիկ Թորոսեանի այցելեց Սպահանի «Գոզար» գալերիայում իրականացւած վերոնշեալ ցուցահանդէս, ուր ցուցադրւած են Հայաստանից եւ Իրանից թւով 19 երիտասարդ գեղանկարիչ-գրաֆիստների աշխատանքները:
Ցուցահանդէսի կազմակերպիչներից Ալի Անսարին, ով Երեւանի Պետական համալսարանի շրջանաւարտ է, յայտնել է, որ միջոցառումն իրականացւել է հայ եւ պարսիկ ժողովուրդների մշակութային կապերի առաւել ամրացման եւ գրաֆիստների ներաշխարհը միմեանց հաղորդակից դարձնելու նպատակով:
Ծրագրի պաշտօնական բացումը կատարւել է ուրբաթ՝ նոյեմբերի 8-ին եւ այն իր աշխատանքը շարունակելու է մինչեւ նոյեմբերի 22-ը:
Հարկ է նշել, որ սոյն ցուցահանդէսը նոյն դասաւորութեամբ, ընթացիկ տարւայ սեպտեմբերին իրականացւել է Թեհրանի «Դենա» գալերիայում:
Թղթակից (Նոր Ջուղա)