Աղբիւր՝ www.alikonline.ir

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդից ստացել ենք հետեւեալ բողոքագիրը, հասցէագրւած «Ֆարս նիւզ» լրատւական գործակալութեանը, որը նոյնութեամբ ներկայացնում ենք թարգմանաբար.

Թւական՝ 1398/06/21 (12.09.2019 թ.)

Համար՝ 32/98/1348

«Ֆարս նիւզ» լրատւական գործակալութեան բաժինների յարգոյ տնօրէն.-

Այսու յայտնում ենք, որ ուրբաթ, 1398/06/15 թւականին (06.09.2019) հրապարակւած համար՝ 1398 06 14000 198 լուրը՝ Մոհառամ ամսւայ ընթացքում Թեհրանի հայաբնակ թաղամասերից մէկում հայ երիտասարդի բուժման եւ քսաներեք հայ երիտասարդների մուսուլման դառնալու մասին, բորբոքել է թեհրանահայ քրիստոնեայ համայնքի զգացումները եւ բողոքի ալիք բարձրացրել մինչ այն աստիճան, որ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը գրութեամբ դատապարտեց նմանատիպ լուրերի հրապարակումը, որոնք պատճառ են դառնում լրատւական չարաշահումների եւ նոյնիսկ որոշ դէպքերում յանգում են Իրանի ազգային անվտանգութեան վարկաբեկման ու նսեմացման:

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը վերոնշեալ լուրի հրապարակումից իսկոյն եւեթ ձեռնամուխ եղաւ հետազօտութեան, այդ լուրի ճշմարտացիութիւնը քննելու նպատակով, որի արդիւնքում պարզւեց, որ հրապարակւած լուրը շինծու է: Ուստի, սպասւում էր, որ «Ֆարս» լատւական յարգոյ գործակալութիւնը կառչելով իր լրատւական առաքելութեանը, նախ՝ ջանար, որ ճշգրիտ լուրեր տրամադրել իր լսարանին եւ ոչ թէ՝ առանց իսկութիւնը քննելու տարածէր այնպիսի լուր, որի արդիւնքը Իրանի հասարակութեան մաս կազմող մեծաթիւ ու գործունեայ մի համայնքին հասած վիրաւորանքն է, որը անընդմէջ կերպով զօրակցել է Իսլամական Հանրապետութեան նպատակներին ու թիկունք կանգնել իր հայրենակից եղբայրներին ու քոյրերին:

Թող երբեք չմոռացւի, որ յեղափոխութեան տարբեր փուլերում եւ յատկապէս ընդդէմ Իրանի՝ Իրաքի պարտադրւած պատերազմի ընթացքում ՝ Իրանի քրիստոնեայ հայութիւնը ուս-ուսի տւած իր մուսուլման եւ միւս ազգային ու կրօնական փոքրամասնութիւններին պատկանող եղբայրներին ու քոյրերին, պաշտպանել է երկրի սահմանները եւ այդ ճամբին բազմաթիւ հայ երիտասարդ քրիստոնեաներ իրենց կեանքն են զոհաբերել այդ վսեմ նպատակին:

Իրանահայ քրիստոնեայ համայնքի եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի սպասելիքը լրատւամիջոցների եւ այս դէպքում «Ֆարս նիւզ» լրատւական գործակալութեան պատասխանատու տնօրէններից այն էր, որ լուրերի ընտրութեան ու տեղադրման մէջ առաւել բծախնդիր լինէին, որպէսզի հայ համայնքում, հայ նահատակների եւ նւիրեալ անձնուրացների ընտանիքներում եւ առաւել կարեւորը՝ ապագայ կերտող հայ երիտասարդ սերունդի մօտ նման յուսալքում ու տրտմութիւն չստեղծւէր:

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը դատապարտելով «Ֆարս նիւզ» գործակալութեան հրապարակած ստայօդ ու կեղծ լուրը, պահանջում է հրապարակել սոյն բողոքագիրը այդ գործակալութեան միջոցով, որպէսզի ամոքւի իրանահայ քրիստոնեայ համայնքին պատճառած ցաւն ու վիրաւորանքը:

 

Յարգանօք՝

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդ

1398, շահրիւար (սեպտ. 2019 թ.)