Կիրակի՝ 2019 թւականի սեպտեմբերի 8-ի առաւօտեան, Ս. Աստւածածնի ծննդեան տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ձեռամբ հիւրաբար Թեհրանից Նոր Ջուղա ժամանած արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին» եկեղեցում: Հոգեպարար արարողութեանը մասնակցել էին թեմի եկեղեցական դասը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Օրւայ առթիւ քարոզեց պատարագիչ քահանայ հայրը: Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանն անդրադառնալով Աստւածամօր ծնունդին եւ այդ իրադարձութեան խորհրդին՝ շեշտեց, որ որպէս ծննդեան տօնի նւէր՝ մեր սէրը, հաւատը, աղօթքն ու ապաշխարութիւնը պէտք է ընծայենք Տիրամօրը: Նա մաղթեց, որ այս տօնին հաւատացեալների բոլոր զգացումներն ընդունելի լինեն Աստծոյ առջեւ եւ նրանք կարողանան վերագտնել իրենց կեանքի իմաստը:
Յաւարտ Սուրբ Պատարագի հոգեհանգստեան կարգ իրականացւեց 2008 թւականին Արեւմտահայաստանում զոհւած հայ ուխտաւորների՝ «Կարօտի զոհեր»-ի, հոգիների խաղաղութեան համար:
Պատարագին ներկայ էին ազգային մարմինների ներկայացուցիչները, զոհւած ուխտաւորների հարազատներն ու ժողովուրդ:
Վերջում Աստւածածնի Ծննդեան տօնի առթիւ միջոցառում իրականացւեց եկեղեցու սրահում, ուր իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը շնորհաւորելով տօնի առթիւ՝ աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ զոհւած ուխտաւորների հոգիները երկնքի լոյս արքայութեանն արժանացնի, իսկ նրանց հարազատներին կարողութիւն շնորհի՝ այդ ծանր կորստեան վիշտը յաղթահարելու եւ նոր սկիզբ ու վերելք իրենց կեանքում արձանագրելու համար:
Թղթակից (Նոր Ջուղա)