Աղբիւր՝ www.alikonline.ir
Իրանի իսլ. խորհրդարանում, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բեգլարեանից տեղեկացանք, որ մի քանի օր է, ինչ խորհրդարանում քննարկման է դրւել «Հարկերի եւ գանձումների մասին օրէնքի» բարեփոխումների նախագիծը:
Օրէնքի 139 յօդւածի 11-րդ կէտը վերաբերւում է կրօնական փոքրամասնութիւններին: Ըստ դրա՝ «Սահմանադրական օրէնքով նախանշւած, կրօնական փոքրամասնութիւններին պատկանող բոլոր միութիւններին ու կրօնական միաւորումներին ուղղւած կալւածա-կտակային յատկացումները, ինչպէս նաեւ նիւթական եւ ոչ-նիւթական նւիրատւութիւնները, ներքին գործերի նախարարութեան հաստատմանն արժանանալու պայմանով ազատւած են հարկերից»:
Հաշւի առնելով այն հանգամանքը, որ հիմնականում վերոնշեալ կալւածա-կտակային յատկացումների, ինչպէս նաեւ այլ նւիրատւութիւնների ֆինանսական շրջանառութեան արդիւնքնում գոյացած շահոյթից է ապահովւում վերոնշեալ կառոյցների սահմանափակ եկամուտները, պրն. Ռոբերտ Բեգլարեանն առաջարկել է բարեփոխել 139-րդ յօդւածի 11-րդ կէտը, այն վերաշարադրելով այսպէս. «Սահմանադրական օրէնքով նախանշւած, կրօնական փոքրամասնութիւններին պատկանող բոլոր միութիւններին ու կրօնական միաւորումներին ուղղւած կալւածա-կտակային յատկացումները, ինչպէս նաեւ նիւթական եւ ոչ-նիւթական նւիրատւութիւնները ու դրանցից գոյացած եկամուտներն ու շահոյթները, ներքին գործերի նախարարութեան հաստատմանն արժանանալու պայմանով ազատւած են հարկերից»:
Որպէս առաջարկւած բարեփոխման նախաձեռնող ու հեղինակ, այն այսօր՝ մարտի 16-ին, խորհրդարանում ծաւալւած քննարկումների ժամանակ ներկայացրել է պրն. Ռոբերտ Բեգլարեանը:
Նրա առաջարկած բարեփոխումն արժանացել է կառավարութեան, ինչպէս նաեւ խորհրդարանի տնտեսական յանձնաժողովի հաւանութեանը: Քննարկման ժամանակ առաջարկւած բարեփոխման դէմ արտայայտւողներ չեն եղել: Այն հաստատւել է 146 կողմ ձայներով:
Նշենք, որ օրէնքի պարտադիր ուժ ստանալու համար ընդունւած բարեփոխումը պէտք է հաստատւի նաեւ «Պահապանների խորհուրդ»-ի կողմից: