Հայաստանում կազմակերպւած «Քայլ դէպի տուն» ծրագրի առաջին փուլը տեղի է ունենալու թւականիս յուլիսի 29-ից օգոստոսի 11-ը՝ Ծաղկաձորում, որին Նոր Ջուղայից եւ Շահինշահրից մասնակցելու են 17 պատանիներ:
Ընթացք տալով Սփիւռքի գործերի յանձնակատարի նամակին, Թեմիս Թեմական խորհրդի հաստատումը ստանալով, համայնքում հրապարակւեց յայտարարութիւն, որի արդիւնքում ծրագրին մասնակցութեան դիմում ներկայացրին 17 պատանիներ:
«Քայլ դէպի տուն» ծրագրին մասնակցելու ուղղութեամբ Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի միջոցով անհրաժեշտ աշխատանքներն ու համադրութիւնները կատարւել եւ խումբը Հայաստան է մեկնելու յուլիսի 28-ի առաւօտեան:
Այս նպատակով յուլիսի 24-ի առաւօտեան Ս. Ա. Վանքի «Ծաղկեայ» դահլիճում Սպահանի հայոց թեմի Առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը եւ Տ. Մեսրոպ Աւ. Քհնյ. Գալստանեանը հիւրընկալեցին մասնակիցներին եւ նրանց ծնողներին: Հանդիպման ընթացքում Սրբազան հայրը մտերմիկ զրոյց ունեցաւ մասնակիցների հետ եւ նրանց յորդորեց՝ ամենայն բծախնդրութեամբ ներկայացնել Նոր Ջուղան: Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը եւս բարի երթ մաղթեց մասնակիցներին:
Հանդիպման աւարտին Սրբազան հայրը պատանիներին աղօթքով ճանապարհեց: