Երկուշաբթի՝ 2014 թւականի մարտի 10-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, ընկերակցութեամբ Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետեր պրն. Նոէլ Մինասեանի եւ դկտ. Վաչիկ Հայրապետեանի, այցելեցին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց կրթական օջախները: Նոր Ջուղայի Հայոց Ազգային Կրթահամալիրում խումբն այցելեց տարբեր օղակների դասարաններ, որտեղ աշակերտներին իր օրհնութիւնը փոխանցեց առաջնորդ Սրբազան Հայրը՝ նրանց քաջալերելով աչալուրջ եւ հետեւողական կերպով զբաղւեն ուսումնառութեամբ, վստահեցնելով, որ ազգային իշխանութիւնը ամէն կերպ նեցուկ է կանգնելու դպրոցների կրթական աշխատանքներին եւ աշակերտութեանը:
Այցելութեան արդիւնքում, առաւել ծանօթանալով դպրոցների եւ կրթական ոլորտի խնդիրներին, դրանց լուծման գծով մի շարք կարգադրութիւններ եղան:
Նոյն օրը պատւիրակութիւնն այցելեց Շահինշահր եւ հանդիպում ունեցաւ հայոց դպրոցի աշակերտների հետ, այնուհետեւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան գրասենեակում տեղի ունեցաւ հանդիպում վարչութեան հետ, որի ընթացքում քննարկւեցին համանքի մի շարք հարցեր:
Պատւիրակութիւնն այցելեց նաեւ Ն.Ջ. հայ մ.մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի համար կառուցւող եռայարկ շէնքի վայրը ու ականատես եղաւ շինարարական աշխատանքների ընթացքին: