Սկաուտական միաւորի նախաձեռնութեամբ հինգշաբթի՝ մարտի 21-ի երեկոյեան կազմակերպւել էր Գարնանամուտի դաշտահանդէսը, որտեղ նախատեսւած էր զանազան խաղեր եւ համեղ ճաշատեսակներ։

Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ ուրբաթ՝ 22 մարտի ժամը 11:00-ին, միութեան  բացօթեայ տարածքում՝ մասնակցութեամբ մեծ թւով մանուկ-պատանիների տեղի ունեցաւ «Գիտունիկի տնակ» ուսուցողական  ձեռնարկը, որտեղ մասնակիցները թաղիքեայ կտորով պատրաստեցին գարնանային բազմերանգ ծաղիկներով շրջանակներ։

Նոյն օրը երեկոյեան Ուսանողական միաւորը կազմակերպել էր Գիտելիքների մրցոյթ մասնակցութեամբ խաղերին մասնակից  միութիւնների ու կազմակերպութիւնների մարզական խմբերի ներկայացուցիչների:  Մրցոյթը    վարեց  Վանա Շիրւանեանը:   Հետաքրքիր եւ խանդավառ  ընթացք ընդունած  միջոցառման աւարտին, ամփոփելով վաստակած միաւորները, առաջին տեղը գրաւեց ՀՄԱԿ-ի Թաւրիզի  մասնաճիւղը, երկրորդ հանդիսացան Հայ Մ. «Րաֆֆի» համալիրի եւ Հայ Մ. «Սարդարապատ» միութեան խմբերը եւ երրորդ տեղը գրաւեց հայ Մ. «Սիփան» միութեան խումբը, որոնց յանձնւեց  համապատասխան գնահատագրեր:

    Ուսանողական միաւորը Գարնանային խաղերի ընթացքում կազմակերպել էր նաեւ  գրքի, գրենական պիտոյքների եւ համակարգչային ու բջջային հեռախօսի  եւ այլ  սարքաւորումների  վաճառք:

Ուրբաթ եւ կիրակի՝ մարտի 22-ին եւ 24-ին, Մշակութային միաւորի «Անց ու Դարձ» խումբը ներկայացրեց իր հետաքրքիր եւ ծիծաղաշարժ տեսանիւթերը, որոնք ներկայացնում էին մարզիկների առօրեան, թաքնւած տեսախցիկ եւ այլ հատւածներ։

Միութեան Երէցների միաւորը ստանձնել էին բիւֆէի դժւարին աշխատանքը:

 

Ն.Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան

Թղթակից՝ Երանուշ Թահմազեան