Ուրբաթ՝ թւականիս մարտի 16-ի երեկոյեան ժամը 4:00-ին, բոցավառւեցին իրանահայ 31-րդ Գարնանային խաղերի խորհրդանշական ջահերը, որի նախաձեռնողն էր Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութիւնը:
Ջահերը բոցավառւեցին Ս. Ամենափրկիչ Վանքի շրջափակում տեղադրւած Ապրիլեան Եղեռնի Ս. նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակից, ներկայութեամբ՝ Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների, Միութեան արտօնատէր՝ Թաթուլ Օհանեանի, 31-րդ գարնանային խաղերի կազմակերպիչ յանձնախմբի, միաւորների վարչութիւնների ու միութենականների եւ համայնքի անդամների:
Խաղերի նշանաբանի՝ «Միասնութիւն՝ ահա գրաւականը յաղթանակի» հիման վրայ, ջահակիր խմբին մաս էին կազմում Միութեան մարզական բոլոր խմբերի ներկայացուցիչները, որոնց ջահերը բոցավառւեց եւ օրհնւեց Առաջնորդ Սրբազան հօր ձեռամբ: Ջահակիր խմբին մաս են կազմում երկրի մակարդակում նւաճումներ արձանագրած մարզիկներ՝ Վանէ Յովսէփեանը, Մինելիա Մարկոսեանը եւ Արամէ Մինասքանեանը, իսկ գլխաւոր ջահակիրն է Լուսինէ Ասատրեանը:
Բացման հանդիսութեան ընթացքում, որպէս ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ խորհրդանիշ, բոլոր խմբերի ներկայացուցիչների ջահերով վառւելու է գլխաւոր ջահակրի ջահը, ապա՝ խաղերի ջահը:
Խմբերից ընտրւած ներկայացուցիչներն են՝ Արթին Հայրապետեանը, Ադրիան Ծատուրեանը, Վանանդ Շիրւանեանը, Մարինէ Մկրտչեանը, Նարէ Ղարախանեանը, Նինել Մարկոսեանը, Անիշա Խաչեանը, Արինէ Ղազարեանը եւ Վահէ Յարութիւնեանը:
Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝ Երանուշ Թահմազեան
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան