Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Հայաստանի Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի համագործակցութեամբ, 2019 թւականի յունւարի 27-ից մինչեւ փետրւարի 6-ը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում իրանահայ թեմերի երիտասարդների մասնակցութեամբ կազմակերպւեց «Նախագծերի կառավարում» (Project management) դասընթացը, որի մասին ժամանակին իրազեկւել են ընթերցողները, իսկ այս շրջագծում փետրւարի 7-ի առաւօտեան ժամը 9-ից իրականացւեց «Կարիերայի կառավարում» խորագրով գործնական սեմինարը, որի մանրամասնութիւնները լուսարձակի տակ ենք առնում հետեւեալ տողերով:
8 ժամեայ այս սեմինարի օրակարգը կազմւած էր չորս մոդուլներից (ծրագրային միաւոր)՝ ա. ինքնագնահատում եւ անձի բրենդաւորում, բ. հաղորդակցման հմտութիւններ, գ. յետադարձ կապի հմտութիւններ եւ դ. աշխատանքի դիմելու հմտութիւններ, որը վարեց Այ Էյ Բի ակադեմիայի կողմից գործուղւած դասախօս Իզաբելլա Մանասարեանը:
Ծրագրում տեղ գտած դասախօսութիւններն ու վարժութիւնները մասնակիցներին օգնեցին զարգացնել բարձր կենսամակարդակ ապահովող աշխատանք փնտրելու, ինքնաճանաչման, հաղորդակցման, ինքնակենսագրական եւ նամակներ գրելու, ինչպէս նաեւ աշխատանքային հարցազրոյցներին մասնակցելու իրենց կարողութիւնները:
Սեմիարին ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչները, իսկ աշխատանքային փորձնական հարցազրոյցները վարելու գործում դասընթացավարուհու հետ համագործակցեցին դոկտ. Նորայր Թումանեանը (Թեմական խորհրդի անդամ) եւ գործարար-տնօրէններ՝ Րաֆֆի Խուդավերդեանը, Դաւիթ Յովսէփեանն ու Նարբէ Ջարդն-Դաւուդը:
Ծրագրի աւարտին Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի անունից արտայայտւեց խորհրդի անդամուհի Սոնիկ Բաղումեանը, ով ակնարկ ունենալով անցնող օրերի ընթացքում կայացած «Նախագծերի կառավարում» դասընթացին եւ «Կարիերայի կառավարում» խորագրով գործնական սեմինարին, շնորհակալական խօսք ուղղեց Իզաբելլա Մանասարեանին եւ մասնակիցներին: Վերջում Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից վկայագրեր շնորհւեցին զոյգ ծրագրերի մասնակիցներին:
Թղթակից (Նոր Ջուղա)