Կիրակի՝ 2018 թւականի դեկտեմբերի 30-ի առաւօտեան Շահինշահրի հայոց ազգ․ «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, կազմակերպւել էր ուրախ ժամանց, ուր ներկայ էին՝ արժն․ Տ․ Սահակ քհնյ․Մինասեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու դպրոցների աշակերտ-ուհիները:
Յատկանշական է, որ այս տարի կազմակերպիչների հրաւէրով ներկայացել էին նաեւ Շահինշահրի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի տնօրէն պրն. Էսմաիլզադէն՝ իր օգնականների ընկերակցութեամբ եւ Շահինշահրի քաղաքապետ պրն. Էշղին:
Սկզբում հիւրերին բարիգալստեան խօսք ասաց դպրոցի տեսուչ պրն․Ղաջառին, այնուհետեւ Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի տնօրէն պրն․ Էսմաիլզադէն շնորհաւորելով Ամանորն ու Ս. Ծնունդը, շեշտեց Իրանում հայ եւ պարսիկ հայրենակիցների միջեւ առկայ միասնականութիւնն ու համերաշխութեան մթնոլորտը:
Շարունակութեան մէջ արտայայտւեց քաղաքապետը, ով տօնի առթիւ շնորհաւորանքներից յետոյ, դրւատանքի խօսք ասելով հայ համայնքի մասին, Շահինշահրի հայերին տեղի լաւագոյն բնակիչներից համարեց:
Ելոյթների աւարտին արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանն իր ուրախութիւնը յայտնեց պետական պաշտօնատարների այցելութեան կապակցութեամբ եւ աղօթեց Բարձրեալին, որ բոլորին շնորհի առողջութիւն ու յաջողութիւն:
Վերջում դպրոցի անունից յուշանւէրներ շնորհւեցին հիւրերին, իսկ այցելուները նւէրներ բաժանեցին աշակերտութեանը:
Պաշտօնական բաժնից յետոյ դպրոցականներն իրենց օրը շարունակեցին տօնական խանդավառ մթնոլորտում:
Թղթակից (Շահինշահր)