Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ», «Ս. Ստեփանոս», «Ս. Ներսէս» եւ «Ս. Աստւածածին» եկեղեցիներում, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով: «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ:
Ս. Պատարագի ընթացքում բոլոր եկեղեցիներում ընթերցւեց Ս. Ծննդեան տօնի առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի «Քրիստոսը՝ աշխարհի լոյսը» խորագրով պատգամը:
Մի հատւածի մէջբերում շնորհազարդ Հայրապետի պատգամից.
«Աստւածայայտնութիւնը երկնային լոյսի յայտնութեան տօնն է: Հետեւաբար, այն մի յիշեցում է աստւածային լոյսի երկիր էջքի. մի հրաւէր՝ դառնալու Բեթղեհէմի յաւերժափայլ լոյսին, եւ մի կոչ՝ լցւելու այդ լոյսի պայծառակերպիչ զօրութեամբ:
Արդ, սիրելի ժողովուրդ հայոց, եկէք ընդառաջենք Բեթղեհէմից եկող աստւածային հրաւէրին: Լոյս դառնանք մեր կեանքով ու գործով այնտեղ, որտեղ խաւար է տիրում. լոյսի վկան դառնանք այնտեղ, որտեղ լոյսի ծարաւը կայ. լոյսի առաքեալը դառնանք այնտեղ, որտեղ խաւարը լուսագեղ պատմուճաններով մոլորեցնում է մեր ազգի զաւակներին: Մեր կեանքի ճշմարիտ լոյսը Բեթղեհէմի մէջ ծնւած Յիսուս Մանուկն է: Դառնանք Նրան, մօտենանք Նրան, որպէսզի մեր կեանքի բոլոր օրերը Նրա լոյսով լցւեն»:
Յաջորդ օրը՝ յունւարի 6-ի առաւօտեան, Ս. Ծննդեան տօնի Պատարագը եւ Ջրօրհնէքի կարգը մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Բեթղեհէմ», «Ս. Յովհաննու Կարապետ», «Ս. Մինաս» եւ «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում: «Ս. Բեթղեհէմ» եկեղեցում պատարգեց թեմակալ առաջնորդը:
Սրբազան Հայրն ընթացքում տօնի առթիւ իր պատգամը փոխանցեց ներկաներին, ուր անդրադարձ կատարելով Տիրոջ ծնունդին, ինչպէս նաեւ հայ ազգի մեծագոյն խնդիրներից մէկին՝ հայրենիքում եւ Սփիւռքում որդեծնութեան քանակի նւազմանը՝ շեշտեց հայկական ընտանիք կազմելու կարեւորութիւնն ու նպատակները, իսկ շարունակութեան մէջ աւելացրեց. «Հաւատացած եմ եւ բոլորին վստահեցնում եմ մեր պապերի խօսքերի ճշմարտութիւնը, թէ երբ սկսենք հայկական ընտանեկան բոյն կազմել, Աստւած անպայման մեզ յաջողութիւն կը տայ, իսկ եթէ մտադիր ենք որդեծնութեան, Արարիչը իւրաքանչիւր զաւակի հետ բազմապատկում է Իր օրհնութիւնները: Արդ, անսանք մեր ծնողների յորդորներին եւ հնազանդենք աստւածային պատւիրանին, կազմելով հայկական սուրբ ընտանիքներ: Բազմազաւակ լինենք, երաշխաւորելով մեր հայրենիքի, ազգի ու Սփիւռքի ապագան եւ արժանավայել կերպով դառնանք զաւակները մեր նախնիների, որպէսզի այս բոլորով ստանանք Աստծու օրհնութիւններն ու բարիքները»:
Թեմակալ առաջնորդի պատգամն ընթերցւեց նաեւ թեմի միւս եկեղեցիներում՝ պատարագիչ հայրերի միջոցով:
Արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ Ջրօրհնէքի կարգը, որտեղ աղօթքների եւ շարականների հնչման ներքոյ Սրբազան Հօր ձեռամբ Ս. Միւռոնի հեղումով օրհնւեց եւ սրբագործւեց ջուրը:
Նոյն օրը, կէսօրից յետոյ, Ջրօրհնէքի արարողութիւն տեղի ունեցաւ Նոր Ջուղայի «Ս. Սարգիս», «Ս. Նիկողայոս» եւ «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եկեղեցիներում, իսկ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու եկեղեցական դասի մասնակցութեամբ, երեկոյեան ժամը 5:30-ին, Ջրօրհնէքի կարգը կատարւեց նաեւ առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, որից յետոյ վանքի Ծաղկեայ դահլիճում թեմակալ առաջնորդն ընդունեց տօնի առթիւ շնորահաւորանքները:
Բոլոր արարողութիւններին ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ:
Թղթակից (Նոր Ջուղա)