Համագործակցութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի եւ Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի պատասխանատուների, երեքշաբթի՝ 19 դեկտեմբեր 2018 թւականի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում իրականացւեց տիկնիկային թատրոն եւ շւաքախաղ՝ Հայաստանի «Տօնացոյց» մշակութային կենտրոնի եւ «Քաշանի տիկնիկների թանգարան»-ի համագործակցութեամբ:
«Տօնացոյց»-ն Իրան էր ժամանել «Քաշանի տիկնիկների թանգարան»-ի հրաւէրով: Սոյն խմբերը ծանօթացել են իրանական 1395 թւականին, Նոռուզի տիկնիկների փառատօնի ընթացքում« որից յետոյ էլ սկիզբ է դրւել նրանց սերտ փոխ-համագործակցութեանը:
Երեկոն բացւած յայտարարւեց «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանի ողջոյնի խօսքով, ուր ներկայացնելով երկու խմբերին, բեմ հրաւիրեց Քաշանի տիկնիկների թանգարանի տնօրէն Ամիր Սոհրաբիին՝ արտայայտւելու: Տնօրէնը ներկայացնելով թանգարանի հիմնադրման պատմութիւնը՝ անդրադարձ ունեցաւ «Տօնացոյց» աւանդական խմբի հետ ունեցած իրենց համագործակցութեան ձեւաւորմանը՝ շեշտելով, որ այն նոր եւ հետաքրքիր ընկերութեան սկիզբ է հանդիսացել:
Յաջորդիւ ողջոյնի խօսքով եւ ներկայացման մասին բացատրութեամբ հանդէս եկաւ “Տօնացոյց” աւանդական խմբի ղեկավար Յասմիկ Բաղրամեանը:
Ելոյթի ընթացքում խումբը ներկայացրեց «Կարապետը եւ մածունը» շւաքախաղը եւ հայկական ու քրիստոնէական տօնական տիկնիկների ներկայացումը, իսկ «Քաշանի տիկնիկների թանգարան»-ը ներկայացրեց թատրոն «Մոբարաք» տիկնիկի միջոցով:
Ծրագրի ընթացքում հնչեցին աշխոյժ երգեր ու երաժշտութիւններ, ինչի շնորհիւ առաւել խանդավառ մթնոլորտ ստեղծւեց:
Երեկոն աւարտւեց միասնական աւանդական շուրջպարով:
Միջոցառմանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամուհի Սոնիկ Բաղումեանը, հայոց ազգային դպրոցների տնօրինութիւնների եւ ուսուցչական կազմերի ներկայացուցիչներն ու համայնքի ժողովուրդը՝ ի մասնաւորի փոքրիկները:
Հարկ է նշել, որ «Տօնացոյց»-ի Իրան կատարած այցի շրջագծում Սպահան քաղաք այցելութիւնը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի, «Քաշանի տիկնիկների թանգարան»-ի, «Հոզաք» աւանդական կացարանի եւ (Europe Car) ընկերութեան միջոցով: Խումբը Սպահանի տարբեր կենտորններում հայ եւ պարսիկ հանդիսատեսի համար իրականացրեց իր ներկայացումները:
Թղթակից (Նոր Ջուղա)