Հովանաւորութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, դեկտեմբերի 13-ին եւ 14-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Ամանորեայ տօնավաճառ, որի կազմակերպման գործում իրենց մասնակցութիւն էին բերել միութեան Սկաուտական եւ Մշակութային միաւորները։
Վաճառքին մասնակից էին Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան եւ Հայ Ուսումնասիրաց Չհարմահալ միութիւնները եւ Նոր Ջուղայում կեանքի կոչւած՝ Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախումբը. վերջինիս հասոյթը ամբողջութեամբ յատկացւելու է Երեւանում գործող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։
Միութեան Կենտրոնական վարչութիւնը վաճառքում կրպակ ունենալու առիթ էր ստեղծել նաեւ ազատ մասնակիցների համար, որին արձագանքել էին Նոր Ջուղայից եւ Շահինշահրից ձեռներէցներ։
Նոր Տարւան յատուկ յարդարանքով բեմը ծառայում էր որպէս լուսանկարչական կրպակ, իսկ բիւֆէում մատակարարւում էր զանազան ուտեստեղէն, որի դժւարին աշխատանքը ստանձնել էր Սկաուտական միաւորի ծնողական խորհուրդը։
Յատկանշական է, որ այս տարի առաջին անգամը լինելով արտօնւել էր պարսիկ հայրենակիցների մուտքը, ինչը առաւել շահաւէտ դարձրեց տօնավաճառը։
Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝ Երանուշ Թահմազեան
լուսանկարները՝ հեղինակի