Հինգշաբթի՝ 2018 թւականի նոյեմբերի 22-ի կէսօրից յետոյ ժամը 4:00-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Շահինշահրի Հայ Կանանց Եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ յոբելեանական ձեռնարկ տեղի ունեցաւ նոյն միութեան հիմնադրման 42-ամեակի առիթով: Միջոցառմանը ներկայ էին արժ․Տ․Սահակ քհնյ․Մինասեանը, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան եւ տեղի միութիւնների ներկայացուցիչները, «Սրբոց Վարդանանց» դպրոցի ուսուցչական կազմը, յոբելեար միութեան անդամուհիներն ու մի շարք այլ հրաւիրեալներ:
Սկզբում ներկաները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին միութեան վախճանեալ անդամուհիների յիշատակը, ապա վարչութեան նախագահուհի՝ Անահիտ Օհանեանը, ակնարկ ունեցաւ միութեան գործունէութեանը՝ անցնող 42 տարիների ընթացքում:
Այնուհետեւ կարկանդակը յատւեց յոբելեարի երիցագոյն եւ կրտսերագոյն անդամուհիներ Վարդուշ Մկրտչեանի ու Սեդա Յակոբեանի միջոցով, իսկ ընթացքում արտայայտւեց արժ․Տ․Սահակ քհնյ․Մինասեանը, որն ընդգծելով, թէ միութիւնը հիմնւել եւ գոյատեւել է անդամուհիների հաւատի ու յոյսի շնորհիւ, առաւել եռանդ ու բեղմնաւոր գործունէութիւն եւ յաջողութիւն մաղթեց միութենականներին:
Շարունակութեան մէջ հնչեցին բարեմաղթանքներ, իսկ տօնական խանդավառութիւնը բազմապատկւեց ներկաների երգերի ու ասմունքների կատարումներով:
Թղթակից (Շահինշահր)