Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 128-ամեակը հանդիսաւոր տօնակատարութեամբ նշւեց ուրբաթ՝ 2018 թւականի նոյեմբերի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում:

Երեկոյին ներկայ էին Հայաստանից ժամանած ՀՅԴ կուսակցութեան անդամ, քաղաքական գործիչ եւ ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, Սպահանի հայոց թեմի  քահանայից դասն ու ազգային մարմինների ներկայացուցիչները, գաղափարակից ընկերներ եւ Նոր Ջուղայից ու Շահինշահրից ժողովուրդ:

Բանախօսական-գեղարւեստական ելոյթներով յագեցած այս միջոցառման մեկնարկը տրւեց յոբելեար կուսակցութեան քայլերգով՝ «Մշակ Բանւոր»-ով, ապա ողջոյնի եւ բացման խօսքով հանդէս եկաւ ծրագրի հանդիսավար Սօսէ Ասատրեանը, ով կարեւորութեամբ նշեց, թէ Դաշնակցութիւնն իր անմնացորդ ծառայութեան նկարագրով միշտ եւ յատկապէս ամենաճգնաժամային պայմաններին եղել է սեփական ժողովրդի կողքին եւ մինչեւ օրս մնացել է պարզ, թափանցիկ, սկզբունքային, ուղղախօս, ուղղամիտ եւ ամենակարեւորը միակ կազմակերպութիւնը, որը չի ընկնում սեփական շահերի յետեւից եւ հայ ժողովրդի ընդհանրական շահերի իրականացումը համարում է իր գործունէութեան յենակէտը:

Այնուհետեւ շարունակութեան մէջ իր դասախօսական ելոյթը ծաւալեց Արթուր Խաչատրեանը: Նա դրւատանքի խօսք ուղղելով Սպահանի հայոց թեմի ժողովրդին եւ ՀՅԴ շրջանի կազմակերպութեանը՝ հայապահպանման ուղղութեամբ կատարած գործունէութեան եւ յատկապէս Հայ Դատի աշխատանքներում ու հայրենիքում ունեցած նիւթա-բարոյական ներդրումների համար, թւարկեց անցնող 128 տարիների ընթացքում յանուն հայրենիքի եւ հայ ժողովրդի Դաշնակցութեան կատարած կարեւորագոյն իրագործումները, ինչպէս նաեւ մատնանշեց այն պատճառները, որոնք ՀՀ վերանկախացումից յետոյ կուսակցութեանը մղեցին մաս կազմելու իշխող կառավարութիւններին. նա շեշտեց, որ կառավարութիւններին մաս կազմելով Դաշնակցութիւնը երբեք չփոխեց իր ուրոյն ոճն ու ձեռագիրը եւ փորձեց ներսից շտկել կառավարութեան քաղաքականութիւնը:

Պրն. Խաչատրեանն իր խօսքի մի այլ բաժնում անդրադարձ կատարեց Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձութիւններին եւ ընդգծելով, թէ իշխող քաղաքական ուժը, առանց կառավարութեան գործընկերների հետ քննարկումների, պարտադրեց ընտրութիւններն անցկացնել այս տարւայ դեկտեմբերին, որից յետոյ ազգային համաձայնութեան կառավարութիւնը ցրւեց եւ ՀՅԴ-ն յետ կանչեց իր նախարարներին, աւելացրեց, թէ Դաշնակցութիւնը նոյնիսկ գտնւելով ընդդիմադիր դաշտում, առաջնորդւում է կառուցողականութեան սկզբունքներով՝ աջակցելով կառավարութեան այն նախաձեռնութիւններին, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետութեան տնտեսական զարգացմանն ու հայկական երկու պետութիւնների անվտանգութեան ապահովմանը:

Դասախօսն անդրադարձ կատարեց նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում որդեգրւած մի քանի յստակ մօտեցումներին՝ Դաշնակցութեան արժէքային համակարգից բխած եւ ՀՅԴ տնտեսական դոկտրինը կազմող երեք սկզբունքներին, որոնք են՝ ներառական տնտեսական աճը, սոցիալական արդարութիւնն ու կայուն զարգացումը, ապա ընդգծեց, որ Դաշնակցութիւնը ձգտում է սոցիալական երաշխիքով հասարակութեանը, որտեղ իւրաքանչիւրին տրւած է նիւթապէս ապահովւած արժանապատիւ կեանքի երաշխիք` անկախ շուկայի վայրիվերումներից, որպէսզի մարդն ազատօրէն կարողանայ մասնակցի երկրի հասարակական եւ քաղաքական կեանքին:

Ձեռնարկի երկրորդ բաժնում տեղի ունեցան գեղարւեստական կատարումներ: Ասմունքով ելոյթ ունեցաւ Շաղիկ Մատթէոսեանը, իսկ «Անի» նւագախմբի նւագակցութեամբ յեղափոխական երգերի մենակատարմամբ ու խմբական կատարումներով հանդէս եկան՝ Վանա Շիրւանեանը, Շաքէ Մովսիսեանն  ու Դաւիթ Թորոսեանը: Մի երգ մենակատարեց նաեւ «Անի» նւագախմբի անդամ՝ Րաֆֆի Խուդաբախշեանը: Նւագախմբի միւս անդամներն էին՝ Ասպետ Սիմոնեանը, Միրօ Խուդաբախշեանը, եւ Արին Խաչիկեանը (ղեկավար):

Տօնական ձեռնարկին զուգահեռ կազմակերպւել էր գրքի ցուցահանդէս, որի բացումը կատարւեց ձեռնարկի աւարտին: Այս ծիրում ցուցադրւել էին հին եւ նոր տպագրութիւններ. հին տպարգութիւնների շարքում աչքի էին ընկնում յատկապէս հնատիպ գրքեր, որոնց վաղեմիութիւնը գերազանցում էր 110 տարին: Գրքերի շարանում էին՝ Դաշնակցութեանը վերաբերող արխիւային, պատմութեան եւ գաղափարական գրքեր, Հայ Դատի առնչութեամբ տպագրութիւններ, ՀՅԴ-ի օրգաններից նմուշներ եւ յաւելւածներ, դաշնակցական հեղինակների աշխատութիւններ, յեղափոխական երգի երգարաններ եւ պատանեկան ու երիտասարդական միութիւնների համար նախատեսւած ուսուցողական ձեռնարկներ:
 

Թղթակից (Նոր Ջուղա)