Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական երկսեռ կրթահամալիրի տնօրինութիւնը տարիներ է, ինչ Մարմնակրթութեան շաբաթը պատեհ առիթ համարելով, նախաձեռնում է մի շարք միջոցառումներ՝ ընտանիքների՝ ի մասնաւորի աշակերտների մօտ առողջ ապրելակերպի գաղափարն առաւել արմատաւորելու նպատակով: Այս տարի նոյնպէս նշւած շաբաթը յագեցած էր աշակերտների համար կազմակերպւած զանազան ծրագրերով, որոնց շարանը եզրափակւեց չորեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 24-ի առաւօտեան ժամը 8:00-ին սկիզբ առած միջոցառմամբ: Դպրոցի անձնակազմից ու աշակերտներից բացի եզրափակիչ այս ծրագրին ներկայ էին նաեւ Կրթական խորհրդի ներկայացուցիչներն ու սաների ծնողները:
Միջոցառման մեկնարկը տրւեց «Արմէն» կրթահամալիրի տնօրէն Վրէժ Շիրւանեանի ողջոյնի խօսքով, ով շարունակութեան մէջ շնորհակալութիւն յայտնելով հիւրերին՝ դպրոցի հարւէրին ընդառաջելու եւ ծրագրին մասնակցելու կապակցութեամբ, կարեւորութեամբ շեշտեց, թէ Կրթական խորհրդի անդամների ու ծնողների ներկայութիւնը դպրոցի աշխատանքներին, ոչ միայն խանդավառութիւն է պարգեւում աշակերտներին, այլեւ ոգեւորում եւ գօտեպնդում է դպրոցի պատասխանատուներին՝ առաւել բծախնդիր գործունէութիւն ծաւալելու՝ յանուն հայ մատաղ սերնդի դաստիարակութեան եւ կրթութեան:
Տնօրէնի արտայայտութիւններին յաջորդեց դպրոցի ծնողներից դոկտ. Վոլգա Յովսէփեանի ելոյթը, ով հիմնականում անդրադարձաւ մարզանքի յատկութիւններին ու առողջ ապրելակերպի առաւելութիւններին:
Այնուհետեւ բոլորի մասնակցութեամբ իրականացւեց առաւօտեան մարզանք, որը վարեց էրոբիկ շարժումների մարզիչ Յասմիկ Յովսէփեանը: Աշխոյժ եւ բուռն դրական լիցքերով ողողւած այս մարզական մթնոլորտը վայելեցին սաները, դպրոցի անձնակազմը, հրաւիրեալներն ու ծնողները, որից յետոյ բոլորը ճաշակեցին ծնողական խորհրդի պատրաստած նախաճաշը, ուր միայն մատակարարւել էր առողջարար սնունդ:
Նախաճաշից յետոյ ներկաներն առիթ ունեցան կրթահամալիրի սրահում դիտելու մարմնակրթութեան շաբաթւան առնչւող աշակերտական ցուցահանդէսը, որը բաղկացած էր մանրակերտներից, ստեղծագործական ձեռքի աշխատանքներից ու պատի թերթերից:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները տրամադրեց «Արմէն» կրթահամալիրի գրասենեակը