Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Աւստրիայի դեսպանատան կողմից ամենամեայ կարգով իրականացւող «Աւստրիայի շաբաթ» միջոցառումների շրջագծում Սպահան այցելած պատւիրակութիւնը՝ դեսպանատան Մշակութային բաժնի տնօրէն Բրիգիտ Գշիերը (Birgit Gshier), աւստրացի հանրայայտ հեղինակ Ալոյս Հոթշնիգը (Alois Hotschnig) եւ Թեհրանի պետական համալսարանի գերմաներէն լեզւի դասախօս՝ աւստրացի Մարիա Վալացան (Maria Valazza), Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հրաւէրով, կիրակի՝ 2018 թւականի հոկտեմբերի 21-ի երեկոյեան այցելեց Սպահանի հայոց թեմի Ազգային առաջնորդարան:
Պատւիրակութիւնը նախ հանդիպման համադրող Արգին Աբնուսեանի ընկերակցութեամբ այցելեց Ս. Ա. Վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարան, այնուհետեւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում հանդիպում ունեցաւ գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանի հետ:
Գրադարանավարը նախ շնորհակալական խօսք ուղղեց հիւրերին, հրաւէրին ընդառաջելու եւ հանդիպմանը ներկայանալու համար, ապա ներկայացրեց գրադարանի պատմական հարուստ անցեալը, առօրեայ աշխատանքները, իրագործւող միջոցառումներն ու միջազգային մակարդակում տարւող քայլերը:
Հանդիպման ընթացքում քննարկւեց հեղինակ Ալոյս Հոթշնիգի գերմաներէն լեզւով հրատարակւած վերջին գիրքը՝ «Լիւդւիգի սենեակը», որի պարսկերէն լեզւի թարգմանութիւնն արդէն իսկ ընթացքի մէջ է: Յատկանշելի է, որ սոյն գիրքը հեղինակի գրչին պատկանող առաջին աշխատութիւնն է, որը թարգմանւում է Իրանում: Ապա Բրիգիտ Գշիերըը ներկայացրեց դեսպանատան Մշակութային բաժնի կառոյցն ու տարւող աշխատանքները, ինչպէս նաեւ գրադարանը:
Հանդիպումը ընթացաւ մտերմիկ մթնոլորտում, որտեղ անդրադարձ եղաւ նաեւ երկու կողմերի միջեւ կապերի շարունակութեանն ու ամրապնդմանը, նամանաւանդ գրքերի փոխանակման եւ համատեղ միջոցառումների կազմակերպման առումով:
Վերջում պատւիրակութիւնն իր հիացմունքը յայտնեց գրադարանի հին ոճի պահպանման, հնատիպ գրքերի հաւաքածոյի քանակի եւ միաժամանակ արդիական մեթոդների կիրառման ու սպասարկման ձեւերի ուղղութեամբ, գնահատելով սոյն աշխատանքը:
Աւարտին երկու կողմերը յուշանւէրներ յանձնեցին միմեանց: