Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 30-ին, սկիզբ առաւ Հայաստանից ժամանած «Կասկադ» լեզւի կենտրոնի թւով 26 ուսանողների եւ իրենց ընկերակցող կենտրոնի տնօրէն՝ Ժորժ Աբրահամիի ճանաչողական այցը Սպահան:
Այցի շրջանակներում երկուշաբթի՝ թւականիս հոկտեմբերի 1-ին, խումբն այցելեց Ս. Բեթղեհէմ եւ Ս. Ա. Վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցիներ: Ս. Ա. Վանքում նրանք ծանօթացան նաեւ տեղի «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարանին եւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանին: Նրանք առիթ ունեցան հանդիպելու թեմի առաջնորդ գերպ. տ. Սիփան եպս. Քէչէճեանին եւ մի շարք տեղեկութիւններ քաղելու Նոր Ջուղայի վերաբերեալ:
Սպահանի Ուսումնա-դաստիարակչութեան գերատեսուչը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը նոյն օրը Հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիպեցին ուսանողներին:
Երեքշաբթի առաւօտեան այցելելով Նոր Ջուղայի Հայոց ազգ. կրթահամալիր ծանօթացան տեղի հայկական վարժարանին, ապա այցելեցին «Արմէն» եւ «Քանանեան» դպրոցների նախկին շէնքերը:
Երեքշաբթի երկոյեան խումբը հանդիպեց Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի վարչութեանն ու անդամներին եւ ունեցան հետաքրքիր զրոյց, որից յետոյ Թեմական խորհրդի հիւրընկալութեամբ ընթրեցին միութեան յարկի ներքոյ:
Ուսանողները Սպահան էին այցելել ՀՀ-ում Իրանի դեսպանատան եւ Սպահանի նահանգապետարանի համագործակցութեամբ, իսկ հայկական կենտրոնների այցելութիւնը կազմակերպւել էր Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի միջոցով: