Երեքշաբթի՝ 2018 թւականի օգոստոսի 21-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան բարեսիրական նպատակներով իրականացւող ամենամեայ միջոցառումներից՝ ձեռարւեստի ամառային ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ կազմակերպիչ ընկերութեան վարչութեան նախագահուհի Սանդրա Խուդաբախշեանի: Բացման արարողութեանը ներկայ էին նաեւ ընկերութեան անդամուհիներն ու համայնքի ժողովուրդ:
Ցուցահանդէսում վաճառքի էին հանւել ձեռարւեստի գերազանց նմուշներ՝ սեղանի ծածկոցներ, մանկական ձեռագործ զգեստներ, տիկնիկներ, զարդեր, ձմեռային տաք հագուստներ եւ այլն:
Սոյն միջոցառումը լաւագոյն առիթներից է ամառային արձակուրդի վերջին օրերի ընթացքում Ս. Ամենափրկիչ վանք այցելող իրանցի եւ օտարերկրացի մեծաթիւ զբօսաշրջիկներին հայկական մշակոյթին ու ձեռներեց հայ կանանց բարձրորակ աշխատանքին ծանօթացնելու համար:
Ցուցահանդէսի հասոյթը ծառայեցւելու է բարեսիրական ու հայրենասիրական նպատակներով ծրագրերին:
Թղթակից (Նոր Ջուղա)