Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ու Համալսարանական կրթաթօշակների հոգաբարձութեան որոշումների հիման վրայ նպաստաւոր պայմաններ են ստեղծւել Սպահանի Պետական համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղում ուսումը շարունակել ցանկացող իրանահայ զաւակների համար:
Հարկ է նշել, որ Սպահանի Պետական համալսարանի աւելի քան 50 տարի անցեալ ունեցող Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի հիմնադրման եւ բարգաւաճման, ինչպէս նաեւ պատկան ֆակուլտետի շէնքի կառուցման գործում իր դերակատարութիւնն ու ներդրումն է ունեցել թեմիս ազգային իշխանութիւնը: Դժբախտաբար վերջին տարիներին ֆակուլտետի աշխատանքների սահուն ընթացքը խանգարել են երկու հանգամանքներ՝ ամբիոնի գիտական խորհրդում դոկտորայի աստիճանով դասախօսների եւ բաւարար թւով ուսանողների պակասը:
Ամբիոնի պատասխանատուների նախաձեռնութեամբ քայլեր են իրականացւել դասախօսական կազմի համալրման ուղղութեամբ, ըստ որի գերլիսանս ունեցող երկու ուսանողներ (մէկը հայ) ներկայացւել են Երեւանի Պետական համալսարան՝ դոկտորայի մակարդակում ուսանելու. այս հարցին ժամանակաւորապէս լուծում տալու նպատակով՝ թեմիս ազգային իշխանութեան համագործակցութեամբ եւ հովանաւորութեամբ Հայաստանից հրաւիրւել են դասախօսներ:
Հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղում ընդունւելու պայմաններին ծանօթանալու համար՝ Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, շաբաթ՝ 2018 թւականի յուլիսի 14-ի երեկոյեան, ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում կայացաւ հանդիպում, ուր ներկայ էին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքներից անդամներ՝ ի մասնաւորի երիտասարդներ:
Հանդիպումն սկիզբ առաւ Թեմական խորհրդի անդամուհի Սոնիկ Բաղումեանի խօսքով, ով բացատրութեամբ հանդէս եկաւ այս ճիւղն աւարտածների համար Իրանում եւ Հայաստանում առկայ աշխատանքային հնարաւորութիւնների մասին:
Այնուհետեւ դոկտ. Նորայր Թումանեանը, ով նոյնպէս լինելով Թեմական խորհրդի անդամ, միեւնոյն ժամանակ հանդիսանում է որպէս թեմի Համալսարանական կրթաթօշակների հոգաբարձութեան նախագահ, անդրադառնալով ամբիոնի ներկայ դժւարութիւններին, լուսաբանեց այն նպաստաւոր պայմանները, որոնք ստեղծւել են ազգային իշխանութեան կողմից՝ այս ճիւղում առաւել չափով հայ ուսանողներ ընդգրկւելու համար:
Ընթացքում հնչած տեղեկութիւնների համաձայն լուսաբանւեց, որ Հայոց լեզու եւ գրականութիւն ճիւղում ուսանել ցանկացողները պէտք է ունենան միջնակարգ դպրոցի դիպլոմ, իսկ արւեստի դպրոց աւարտածները՝ որեւէ ճիւղի գերդիպլոմ: Ընդունւելու համար հարկաւոր է մասնակցել ընդհանուր կոնկուրսի շրջագծում օտար լեզուների բաժնի մուտքի քննութեանը. քննութիւնում չյաջողելու պարագային հաշւի է առնւում մասնակցի հայ լինելը, ինչի շնորհիւ էլ հնարաւորութիւն է ընձեռւում ուսումը շարունակելու համար:
Հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղում կրթւելն անվճար է, սակայն Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդն այս ճիւղի իրանահայ ուսանողներին յատկացնելու է մէկ միլիոն թուման նիւթական օժանդակութիւն՝ իւրաքանչիւր կիսամեակի դիմաց: Բոլորը կարող են օգտւել այս նպաստաւոր հնարաւորութիւնից բացառաբար այն անհատները, ովքեր նախապէս լիսանս են ստացել Իրանի որեւէ պետական համալսարանից:
Օգտաշատ բացատրութիւններ իրազեկելուց յետոյ, հանդիպումն ընթացաւ հարց ու պաստասխանի ձեւով, ուր ներկաներն իրենց յուզող հարցերի պատասխաններն ստացան խորհրդի ներկայացուցիչներից:
Հարկ է նշել, որ լրացուցիչ տեղեկութիւնների համար` կարելի է դիմել Սպահանի հայոց թեմի ազգ. Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ:
Թղթակից (Նոր Ջուղա)