Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատուի նախաձեռնութեամբ, երկուշաբթի՝ 2018 թւականի յունիսի 25-ից սկսած, նոյն գրադարանի հարազատ յարկի ներքոյ, իրականացւեց «Եկէք խաղանք հայկական խաղեր» խորագրով հայոց լեզւին նւիրւած մրցութային միջոցառումը, հիմնականում նպատակ ունենալով հարստացնելու մասնակիցների հայերէնի բառապաշարը: Հարկ է նշել, թէ սա առաջին անգամը չէ, որ այս գրադարանում իրականացւում են հայոց լեզւին նւիրւած միջոցառումներ:
Խաղերն ընթացան խմբական ձեւով եւ մասնակիցներն աշխոյժ ու խանդավառ մթնոլորտի ներքոյ ոչ միայն մրցակցեցին իրար հետ, այլեւ միմեանց օգնեցին առաւել հարստացնելու հայերէն լեզւով իրենց գիտելիքների շտեմարանը: Այս շրջագծում տեղի ունեցան բառախաղեր, մնջախաղեր, խաչբառի լուծում, անւանի դէմքերի ճանաչում եւ զանազան այլ բաժիններ:
Ծրագիրը լայն ընդառաջում գտաւ թէ դպրոցականների եւ թէ մեծահասկների կողմից. մեծահասակների շարքում ուշագրաւ էր յատկապէս Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիների մասնակցութիւնը:
Փոքրիկների խաղերը վարեցին «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի աշխոյժ անդամներ՝ Արթուր Քամարզարեանը, Դւին Յովհաննիսեանն ու Ադրիան Մինաս-Խաչիկեանը, իսկ մեծահասակների բաժինը՝ նոյն գրադարանի գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը:
Յատկանշական է, որ մրցոյթներն առանց տարիքային սահմանափակման շարունակւելու են յաջորդ շաբաթների ընթացքում:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները տրամադրեցին կազմակերպիչները