Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւարտական ձեռնարկը՝ «Հայկական աշխարհի բողբոջները» խորագրով, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 24-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, որը նւիրւած էր ՀՀ հիմնադրման 100-ամեակին:
Հանդիսաւոր երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Կրթական խորհրդի ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները:
Սկզբում դպրոցի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանը ողջունելով ներկաներին՝ շնորահակալական խօսք ուղղեց դպրոցի անձնակազմին, Ծնողական խորհրդին եւ ծնողներին, ովքեր իրենց աշխատանքով ու համագործակցութեամբ ջանք չխնայեցին դաստիարակչական աշխատանքները լաւագոյնս իրականացնելու գործում: Նա անդրադառնալով ծրագրին՝ ասաց, որ երեկոն անւանւել է «Հայկական աշխարհի բողբոջները», քանի որ համոզւած են, թէ հայկական աշխարհի հինաւուրց ծառի բողբոջների՝ երեխաների նկատմամբ ցուցաբերւող խնամքից ու գուրգուրանքից է կախւած ազգի ապագան եւ եթէ այս բողբոջներին տրւի դէպի հայրենիք եւ մայրենի լեզու սէրը, ապագայում նրանք կը դառնան հայկական աշխարհի լաւ քաղաքացիները:
Այնուհետեւ մանկապարտէզի Դեղին խմբակի սաները անհատական եւ խմբական ասմունքներով ամենագեղեցիկ խօսքերը հնչեցրին հայրենիքն ու մայիսեան յաղթանակները գովերգելու ուղղութեամբ. նրանք խոստացան լինել հայոց աշխարհի փոքրիկ, բայց խիզախ պաշտպանները:
Քիչ յետոյ նրանց միացան դպրոցի կրտսերագոյն խմբակի՝ Վադագոյնի սաները եւ բոլորը միասնաբար հայրենասիրական երգերից ու ոտանաւորներից կազմւած շարանով տօնական երեկոյին պարգեւեցին առաւել խանդավառութիւն ու հայկական ոգի: Մանկապարտէզցիների կուրծքը զարդարւած էր հայկական եռագոյն դրօշով:
Նախակրթարանի աշակերտները մուտք գործեցին տարւայ չորս եղանակները խորհրդանշող զգեստներով, ապա երգերով, ասմունքներով ու պարային շարժումներով ընդգծեցին իւրաքանչիւր եղանակի յատկութիւնները, յատկապէս շեշտելով աշնան սեպտեմբեր ամիսը, որտեղից էլ սկիզբ էր առել գրաճանաչ դառնալու իրենց քաղցր ու հաճելի երթը:
Ծրագրի շարունակութեան մէջ աշակերտներն զգեստափոխւեցին եւ այս անգամ բեմ ներկայացան իրենց համազգեստներով ու աւարտական գլխարկներով: Այս բաժնում հնչեցին հայոց լեզւին եւ հայրենիքին նւիրւած ասմունքներ ու երգեր: Աշակերտների կրծքերին ամրացւած էին տառեր, որոնցով նրանք կազմեցին «Սիս», «Մասիս» եւ «Արարատ դաշտ» բառերը, իսկ վերջում միմեանց ձեռքերը բռնած, միասնութիւնը խորհրդանշող շարժումով պատկերեցին Սիս ու Մասիս լեռները: Շրջանաւարտները գլխարկենրի վեր նետումով եզրափակեցին ուսումնական տարեշրջանը:
Յաջորդիւ ձեռամբ Սրբազան Հօր, Կրթական խորհրդի ատենապետուհի Մարգարիտ Դաւթեանի, դպրոցի տնօրինուհու եւ պատկան ուսուցչուհիների տեղի ունեցաւ սաների վկայագրերի բաշխման արարողութիւնը:
Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը ներկաներին ուղղած իր հայրական պատգամում, գնահատելով աշակերտական ելոյթները՝ ի մասնաւորի այբուբենին նւիրւած ծրագիրը, առանձնաբար դրւատանքի խօսք ուղղեց թեմի ազգային իշխանութեանը, Կրթական խորհրդին, դպրոցի տնօրինութեանն ու անձնակազմին, ինչպէս նաեւ Ծնողական խորհրդին ու ծնողներին, որոնց զոհողութիւնների, ջանադիր աշխատանքի եւ համագործակցութեան շնորհիւ մէկ ուսումնական տարեշրջան եւս աւարտւեց յաջողութեամբ:
Սրբազան Հայրը սաների ներկայացումը մայիսեան տօնական օրերի յաղթական շքերթն անւանեց եւ ընդգծելով այն փաստը, որ մատաղ սերունդն ստանում է հայեցի դաստիարակութիւն եւ ամենուրեք կարողանում է խօսել հայերէն, այն գնահատեց որպէս թեմի ազգային իշխանութեան, Կրթական խորհրդի եւ հայկական վարժարանների մեծագոյն յաջողութիւնը:
Հարկ է նշել, որ ձեռնարկի աւարտին ներկաներն առիթ ունեցան դիտելու կից սրահում աշակերտների ձեռքի աշխատանքներից կազմւած ցուցահանդէսը:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան