Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի համագործակցութեամբ, ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով, հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 17-ի երեկոյեան, նոյն մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի անւամբ:
Երեկոյին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան ներկայացուցիչներն ու ժողովուրդ:
Սկզբում հնչեց ՀՀ օրհներգը, որից յետոյ բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ հաղորդավարուհի Մարիա Խուդավերդեանը:
Այնուհետեւ ցուցադրւեց մի տեսանիւթ՝ Արամ Մանուկեանի կեանքի ու գործունէութեան մասին:
Ծրագրում դասախօսութեամբ հանդէս եկաւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի եւ միեւնոյն ժամանակ ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանեանը: Դասախօսն սկզբում բացատրութիւններ տալով Արամ Մանուկեանի իւրայատուկ նկարագրի կապակցութեամբ՝ անդրադարձաւ նրա պահը ճիշտ ըմբռնելու յատկութեանը, յեղափոխական նկարագրին եւ կազմակերպչական ընդունակութեանը, աւելացնելով, որ նա յատուկ տաղանդ է ունեցել իր շրջապատի անձնաւորութիւններին ճանաչելու հարցում:
Պրն. Օհանեանն իր խօսքի շարունակութեան մէջ հերոսին ներկայացնելով որպէս Հ. Յ. Դաշնակցութեան հաւատաւոր զինւոր՝ աւելացրեց, թէ Արամն ամենուրէք հայ ժողովրդին ոտքի էր հանում եւ նրանց մէջ բորբոքում պայքարի ոգին, որի արդիւնքում ժողովուրդը ձեռք բերեց իր կորցրածներն ու ոտնահարւած իրաւունքները. Արամ Մանուկեանը Կարսում դառնում է Հ. Յ. Դ.-ի հնոցը եւ քանի որ համոզւած էր, թէ միայն զէնքով կարելի է պայքարել, այնտեղում կազմակերպում է զէնքի փոխանցման աշխատանքը, իսկ Վանում կազմակեպում է ինքնապաշտպանութեան կռիւները:
Թաթուլ Օհանեանն իր խօսքի աւարտին յանուն թեմի հոգեւորականաց դասի ու ազգային մարմինների սրահը կոչեց «Արամ Մանուկեան»:
Ընթացքում մթնոլորտն առաւել տօնական դարձաւ Զարենուշ Աղուրեանի եւ Րաֆֆի Խուդաբախշեանի ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ. երգիչներին կենդանի երաժշտութեամբ ընկերակցում էր «Անի» նւագախումբը՝ Արին Խաչիկեանի ղեկավարութեամբ:
Այնուհետեւ բեմ հրաւիրւեցին հոգեւոր հայրերն ու ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ «Արարատ» միութեան ներկայացուցիչները, ուր սրահի ցուցատախտակը ծածկող կտաւը միասնաբար վեր առեցին գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ու Թաթուլ Օհանեանը:
Ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց Սրբազան Հայրը: Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր խօսքում Արամ Մանուկեանին ազգային գերագոյն արժէքներից մէկը կոչելով՝ նշեց, որ նա իր պողպատեայ կամքով կերտեց անկախ Հայաստանի Հանրապետութիւնը: Պատգամի մի այլ բաժնում Սրբազան Հայրը գնահատելով անւանակոչութեան այս գեղեցիկ մտայղացումը՝ շեշտեց, թէ ՀՀ հիմնադրման 100-ամեակը լաւագոյն առիթն էր այս սրահը Արամի անունով կոչելու համար:
Հարկ է նշել, որ Հ. Յ. Դ. «Ռուբէն» երիտ. միութեան նախաձեռնութեամբ պատրաստւել էին ՀՀ եռագոյն դրօշներ եւ «Մայիս 28-ով նւիրականացւած Հայաստանի Հանրապետութիւնը՝ մեր անցեալի, մեր ներկայի ու ապագայի հպարտութիւնն ու երաշխիքը» խորագրով գրքոյկներ, որոնք տրամադրւեցին ժողովրդին:
Միջոցառումը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից:
Թղթակից (Շահինշահր)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան