Չորեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 16-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում, Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Հայոց ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման յանձնախմբի հովանաւորութեամբ,  ոգեկոչման ծրագրերի շարանում իրականացւեց դասախօսական-գեղարւեստական ձեռնարկ՝ պարսիկ հայրենակիցների մասնակցութեամբ:

Ծրագրին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ու ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հոծ թւով պարսիկ հրաւիրեալներ: Հիւրերի շարքում էին՝ Սպահանի քաղխորհրդի անդամ դոկտ. Շարիաթինիան, Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարանի Հանրային գրասենեակի պատասխանատու պրն. Հոսէյնին, պետական պաշտօնատարներ, համալսարանների դասախօսներ, ուսանողներ, արւեստագէտներ եւ այլն: 

Երեկոն մեկնարկեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնի յոտնկայս ունկնդրութեամբ, որից յետոյ Ս. Ամենափրկիչ Վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախումբը կատարեցին «Սուրբերու աչքեր» երգը:

Հաղորդավարութեամբ հանդէս եկաւ Մարտունի Խաչիկեանը, ով իր խօսքում նշելով, որ ազգերի պատմութիւնների մէջ երբեմն լինում են այնպիսի վէրքեր, որոնք չեն բուժւում եւ իրենց ցաւոտ հետքն են թողնում նաեւ յետագայ սերունդների վրայ, ընդգծեց, թէ Օսմանական Թուրքիայի ժառանգների կողմից Հայոց ցեղասպանութեան ժխտումը, ոչ միայն չի փոխելու իրողութիւնը, այլեւ պատիւ բերող երեւոյթ չի լինելու նրանց համար: 

Այնուհետեւ դասախօսական ելոյթ ծաւալեց Սպահանի Ազատ համալսարանի դասախօս դոկտ. Շահին, ով իր խօսքի սկզբնական բաժնում նշեց, որ մինչեւ 19-րդ դարը հայերը եւ թուրքերը միմեանց հետ որեւէ պատմական թշնամութիւն չեն ունեցել եւ անգամ հայ ժողովուրդը թուրքերի մօտ յայտնի է եղել որպէս անկեղծ ազգ:

Նա իր խօսքի շարունակութեան մէջ չորս առանձին ուղղութիւններով վերլուծական ակնարկ ունեցաւ Թուրքիայի նախկին եւ ներկայ կառավարութիւնների կողմից որդեգրւած երկակի քաղաքականութիւններին՝ որպէս պարադոքսներ: Այս ծիրում նշեց Օսմանական Թուրքիայի կողմից պարտաւորութեան բացակայութիւնը արդար պատերազմի եւ խաղաղ ժողովրդի իրաւունքների նկատմամբ, սահմանադրականութեանը եւ առաջադիմութեանը ձգտող երիտթուրքական կառավարութիւնը, որը ծրագրեց ու իրագործեց Հայոց ցեղասպանութիւնը, եւ Թուրքիայի ներկայ կառավարութիւնը, որը ժողովրդավար երկիր կոչւելով, ժխտողական քաղաքականութիւն է վարում Հայոց ցեղասպանութեան կապակցութեամբ եւ անտեսում երկրի փոքրամասնութիւնների՝ ի մսանաւորի հայերի իրաւունքներն ու ազատութիւնները:  Իսկ որպէս վերջին պարադոքս՝ դասախօսը ներկայացրեց երկակի վարքագծի պարագան, ապա մատնանշելով 2007 թւականին Դաւոսի տնտեսական միջազգային ֆորումի շրջագծում, Թուրքիայի ժամանակի վարչապետ Էրդողանի կատարած յայտարարութիւնը, որտեղ Իսրայէլին մեղադրելով Գազայի վրայ իրկանացրած յարձակումների մէջ՝ սոյն երկրին մանկասպան էր անւանել, կատարեց հետեւեալ հարցադրումը, թէ ինչպէ՞ս նման մի պետութիւն, որն Իսրայէլի յարձակումները որակում է որպէս անմարդկային եւ դաժան արարք, իր կատարծ նմանատիպ գործողութեան նկատմամբ (Հայոց ցեղասպանութիւն) որդեգրում է ժխտողական քաղաքականութիւն:

 

 

 

 

Ահա մի հատւածի մէջբերում ելոյթի եզրափակիչ բաժնից.

«1982 թւականին հաստատւած Թուրքիայի սահմանադրութեան հիման վրայ, սոյն երկիրը ժողովրդավարութեան ձեւաչափով է կառավարւում: Ժողովրդավարութիւն ասելով, հասկանում ենք մի իշխանութիւն, որն ընտրւել է մեծամասնութեան քւէով եւ երաշխաւորում է նաեւ փոքրամասնութիւնների իրաւունքների պահպանումն ու ազատութիւնը: Սակայն այսպիսի մի իրավիճակում, ուր մերժւում են փոքրամասնութիւնների կամքն ու իրաւունքները, դա ժողովրդավարութիւն չի կարելի համարել: Թուրքիայի կառավարութիւնը ստեղծւած կացութիւնից ձերբազատւելու ուղղութեամբ պէտք է ընդունի Հայոց ցեղասպանութիւնը եւ հատուցում կատարի դրա հետեւանքների համար»:  

Գեղարւեստական կատարումներն իրականացւեցին Թեհրանի «Ակունք» պարախմբի, Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երիտ. եւ աւագ երգչախմբերի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամների միջոցով, հերթաբար Կարինէ Մանուչերեանի, Արմէն Ամիրխանեանի եւ  Ռիմա Սիմոնեանի ղեկավարութեամբ:

“Ակունք”-ի արական սեռի ներկայացուցիչները կատարեցին «Լեզգինգա», «Քոչարի» եւ «Եարխուշտա» պարերը, Ս. Ա. վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի անդամ Արայիկ Սիմոնեանը  մենակատարեց «Չեմ մոռանայ» երգը՝ անգլերէն լեզւով, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբից Կարին Տէր-Մարտիրոսեանն ասմունքեց Ֆէրէյդուն Մոշիռիի «Շարմեթան բադ» բանաստեղծութիւնը, իսկ «Դլէ Եաման» եւ «Յեղափոխական երգերի շարան» երգերով հանդէս եկաւ «Կոմիտաս»-ի աւագ երգչախումբը:

Գեղարւեստական բոլոր կատարումները մատուցւեցին բարձր մակարդակով եւ  արժանացան բուռն ծափողջոյնների:

Թղթակից (Նոր Ջուղա)