ՀՀ հիմնադրման 100-ամեակի տօնակատարութեան Շահինշահրի ենթայանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մարզական միաւորի կազմակերպութեամբ, 2018 թւականի մայիսի 3-ից 8-ը իրականացւեցին ֆուտսալի, շախմատի եւ սեղանի թենիսի մրցոյթներ՝ անկախութեան տօնի 100-ամեակի առիթով:
Մրցաշարերին իրենց մասնակցութիւնն էին ցուցաբերել Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան ու նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի մարզական խմբերի անդամները եւ մի շարք ազատ մարզիկներ:
Խաղերի մեկնարկը տրւեց հինգշաբթի՝ մայիսի 3-ի երեկոյեան, ներկայութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան եւ կազմակերպիչ մասնաճիւղի ներկայացուցիչների ու ժողովրդի:
Բացման ծրագրում հնչեց ՀՀ օրհներգը, ապա ելոյթով հանդէս եկաւ կազմակերպիչ յանձնախմբի անդամ Վարդուհի Պօղոսեանը, ով սկզբում անդրադարձ ունենալով 1918 թւականի մայիսեան յաղթանակներին, նշեց, թէ խաղերի իրականացման նպատակը երիտասարդութեան մէջ ընկերասիրութեան, ազնւութեան եւ ազգային ու միասնական պայքարի ոգու ամրապնդումն է եղել:
Շարունակութեան մէջ արտայայտւեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Հայր Սուրբն արթուն միտք ու հոգի եւ առողջ մարմին ունենալը մարզիկների համար կարեւոր համարելով, յաջողութիւն մաղթեց սոյն միջացառմանը մասնակցութիւն բերած մարզիկներին: Նա իր խօսքում անդրադարձ ունենալով նաեւ ՀՀ հիմնադրման 100-ամեակին եւ հայ ժողովրդի պայքարունակ ոգուն, դրւատանքով արտայայտւեց անկախութեան եւ ազատութեան ճանապարհին մեր ժողովրդի մղած պայքարի կապակցութեամբ, որի արդիւնքում 100 տարի առաջ կերտւեց ազատ եւ անկախ հայկական հանրապետութիւնը:
Խաղերի պաշտօնական բացումը կատարւեց հոգեւոր տեսուչ Հայր Սուրբի սեղանի թենիսի խորհրդանշական խաղով:
Այս ծիրում սեղանի թենիսի մրցութիւնները տեղի ունեցան մայիսի 3-ին ու 4-ին, իսկ շախմատինը՝ մայիսի 5-ին, մասնաճիւղի կենտրոնատեղիում: Սեղանի թենիսի օրիորդաց երիտասարդական բաժնում առաջին եւ երկրորդ կարգը հերթաբար գրաւեցին Վանէ Թահմազեանն ու Նարէ Յակոբեանը, իսկ երէց բաժնում՝ Անդրիա Խաչատրեանը, Արինէ Ղազարեանն ու Արեգա Յարութիւնեանը զբաղեցրին առաջնից երրորդ տեղերը:
Նոյն մարզաձեւի տղայոց երիտասարդական բաժնում Արութին Թորոսեանը, Արիս Մուրադեանն ու Արւին Մինասքանեանը, իսկ երէց խմբում Ռաֆիկ Թորոսեանը, Մասիս Մանուկեանը եւ Մհեր Իսայեանը հերթաբար նւաճեցին առաջնից երրորդ տեղերը:
Շախմատի մրցոյթների աւարտին հերթական լաւագոյն կարգերը գրաւեցին Թէոդիկ Աւանէսեանը, Արգին Խուդավերդեանն ու Թէոդիկ Մանուկեանը:
Ֆուտսալի մրցութիւններն իրականացւեցին մայիսի 6-8-ը, Շահինշահրի «Մելլաթ» մարզասրահում՝ չորս խմբերի մասնակցութեամբ: Արդիւնքում առաջին տեղը գրաւեց «Արցախ» խումբը, իսկ Նոր Ջուղայի «Արարատ», «Փոթորիկ» եւ Շահինշահրի «Արարատ» խմբերը հանդիսացան երկրորդից չորրորդ:
Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամները ներկայանալով վերոնշեալ մրցոյթներին՝ բուռն խրախուսեցին մարզիկներին:
Խաղերն աւարտւելուն պէս՝ մայիսի 8-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի սրահում տեղի ունեցաւ մրցանակաբաշխման արարողութիւնը:
Ծրագրում կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Մարիա Խուդավերդեանը, ապա գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անդամ եւ մրցոյթների կազմակերպիչ յանձնախմբի նախագահ Արմոնդ Հախնազարեանի եւ մասնաճիւղի Մարզական միաւորի նախագահ Արին Խուդաբախշեանի ձեռամբ գնահատագրեր, յուշանւէրներ եւ մեդալներ շնորհւեցին յաղթողներին ու բոլոր մասնակիցներին, իսկ ֆուտսալի ախոյեան խմբին՝ յատուկ գաւաթ:
Վերջում շնորհակալական խօսքով արտայայտւեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ով բարձր գնահատելով երիտասարդ մարզիկ-ուհիների մասնակցութիւնը եւ կազմակերպիչների ջանադիր աշխատանքը, նշեց, որ նման աշխատանքների շնորհիւ հայ ժողովուրդն առաջնորդւելու է դէպի նորանոր յաղթանակներ:
Սոյն միջոցառումը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից:
Թղթակից (Շահինշահր)