Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ կազմակերպութեամբ նոյն միութեան Մշակութային միաւորի վարչութեան, երեքշաբթի՝ մայիսի 1-ի երեկոյեան միութեան հանդիսութիւնների դահլիճում, համերգով հանդէս եկաւ Հայաստանի «Թաթուլ Ալթունեան» անւան երգի ու պարի պետական անսամբլը։
ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով կազմակերպւած համերգի մեկնարկը՝ դհոլ-զուռնայի կատարման ուղեկցութեամբ, անսամբլի անդամների մուտքն էր դահլիճ եւ նրան անմիջական յաջորդող նւագախմբի, երգչախմբի ու պարախմբի խանդավառ կատարումները:
Յաջորդիւ համոյթի հաղորդավարուհի՝ Մարինէ Մալեանը ողջունելով հանդիսատեսին նշեց, որ «Թաթուլ Ալթունեան» անւան անսամբլը Իրան է ժամանել Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան, ՀՈՒՍԿ հաստատութեան եւ Հայ ակումբի համատեղ հրաւէրով եւ շնորհակալական ու երախտագիտութեան խօսք ասաց հրաւէրի եւ Իրանում ելոյթ ունենալու առիթը ընձեռելու առումով եւ նշեց. «Մշակոյթը, որպէս միասնականութեան ամրապնդման եւ Հայաստանի շուրջ համախմբելու գաղափարը սերմանելու լաւագոյն միջոցն է. դուք ապացուցեցիք, որ հայրենասիրութիւնը նախ եւ առաջ գործ է եւ ոչ խօսք»։ Նա յաւելեց. «Աշխարհի հինգ մայրցամաքներն այցելած եւ հազարաւոր սիրտ նւաճած 80-ամեայ անսամբլը, կատարելով իր առաքելութիւնը՝ աշխարհին է ներկայացրել հայկական աւանդական երգն ու պարը, ազգային նւագարանն ու հայկական տարազը»:
Երեկոյի ընթացքում անսամբլը հանդէս եկաւ Սայեաթ Նովայի, Արամ Խաչատրեանի, Ալեքսանդր Հեքիմեանի, Առնօ Բաբաջանեանի, Գուսան Շերամի ու այլոց հայկական ժողովրդական ու հայրենասիրական երգ-երաժշտութեան եւ պարային համարների բարձրորակ ու շքեղ կատարումներով, որոնք արժանացան հանդիսատեսի դահլիճը թնդացնող երկարատեւ ծափողջիւններին:
Համերգի աւարտին, միութեան Կենտրոնական վարչութեան անունից Մանիա Ղուկասեանը շնորհակալական խօսք ասաց իրականացրած համերգի եւ հանդիսատեսին բարձր տրամադրութիւն հաղորդող կատարումների համար, որից յետոյ թեմակալ առաջնորդի ձեռամբ յուշանւէր յանձնւեց խմբի գեղարւեստական ղեկավար՝ ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ՝ Ժիրայր Ալթունեանին, ով ուրախութիւն եւ հպարտութիւն համարեց արւեստների ու արհեստների քաղաք՝ Սպահանի Նոր Ջուղայում կրկին անգամ ելոյթ ունենալու կապակցութեամբ, ասելով, որ «Թաթուլ Ալթունեան» անւան անսամբլը առաջին անգամ Նոր Ջուղայում համերգով ելոյթ է ունեցել 1944-թւին. նա հպարտութիւն համարեց այն, որ արւեստի եւ մշակոյթի միախառնումից ստացւել է մի գեղեցիկ որակ, որ կոչւում է եղբայրութիւն եւ համատեղ գործունէութիւն: Պրն. Ալթունեանը վերջում շնորհակալութիւն յայտնեց միութեան պատասխանատուներին հոգատար եւ բարի վերաբերմունքի համար:
Նշելի է, որ Անսամբլի գեղարւեստական ղեկավարն է ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ՝ Ժիրայր Ալթունեանը, գլխաւոր բալետմայստեր՝ ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Յովհաննէս Խաչիկեանը, տնօրէնը՝ Գրիգոր Ոսկանեանը, իսկ գործիքաւորումի բաժնի ղեկավարն է Էդգար Աւետիսեանը։
Համերգը վայելում էր Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի հովանաւորութիւնը եւ ներկայութիւնը. ներկայ էին նաեւ քահանայից դասի, Ազգային մարմինների եւ Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչները, միութեան արտօնատէրեր՝ Թաթուլ Օհանեանը եւ Այլին Մելիքեանը, միութենականներ եւ հոծ թւով հանդիսատես:
Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝ Երանուշ Թահմազեան
Լուսանկարիչ՝ Թղթակից (Նոր Ջուղա)