Շաբաթ՝ 2018 թւականի ապրիլի 21-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի եւ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի տնօրինութիւնների, ուսուցչական կազմերի, ծնողական խորհուրդների ու աշակերտների մասնակցութեամբ Ս. Ամենափրկիչ վանքում կայացաւ աշակերտական ծաղկեմատոյց՝ Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի առթիւ:
Ծրագիրն սկիզբ առաւ «Արմէն» դպրոցի աշակերտներ՝ Մինելի Մարկոսեանի, Էմին Թահմազեանի եւ Լուսին Տէր-Մկրտչեանի ասմունքով, որին յաջորդեց դպրոցների ներկայացուցիչների միջոցով ծաղկեպսակների զետեղումը՝ յուշարձանի առջեւ:
Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանի սաները հանդէս եկան առիթին նւիրւած խմբական երգով ու ասմունքով:
«Սրբոց Վարդանանց» դպրոցի անունից աշակերտական խօսք ընթերցեց Ռենիթա Նազարեանը, իսկ վերջում աշակերտների խմբական կատարմամբ հնչեց պահանջատիրական մի երգ:
Յանուն «Արմէն» կրթահամալիրի պարսկերէն խօսքն ընթերցեցին Մելւին Բաբախանը եւ Ադելինա Յարութիւնեանը, իսկ անգլերէնը՝ էրւին Յովսէփեանն ու Սելին Բաղրամեանը: Խմբական ասմունքով հանդէս եկան Արգիշտի Աբգարեանը, Վանէ Յովսէփեանը, Անիտա Մայիլեանը, Արգիշտ Քեշիշեանը, Փրենի Թահմազեանը, Արէն Զարգարեանը, Էմինէ Խուդաբախշեանը եւ Մելւին Թորոսեանը: Գեղարւեստական կատարումները եզրափակւեցին նոյն դպրոցի աշակերտութեան խմբական երգով:
Այնուհետեւ իր հայրական պատգամը փոխանցեց Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով կարեւորութեամբ շեշտելով, թէ այս ծրագրին մասնակցելը՝ ազգի, հայրենիքի եւ եկեղեցու հանդէպ ունեցած պարտքի կատարում է, իր ուրախութիւնը յայտնեց նման գիտակից նոր սերունդ ունենալու համար: Նա իր հպարտութիւնը յայտնեց նաեւ, առ այն որ, Սպահանի հայոց թեմում այսպիսի հայեցի դաստիարակութեամբ ու ազգային ինքնագիտակցութեամբ սերունդներ են դաստիարակւում:
Ծրագիրը վարեցին «Արմէն» կրթահամալիրի աշակերտներ՝ Արմօ Ասատրեանն ու Սելինէ Օրդուբէգեանը: Սոյն կրթահամալիրի աշակերտական ելոյթները կատարեցին դպրոցի 6-րդ դասարանի սաները:
Վերջում բոլոր ներկաները մէկական ծաղիկներ դրեցին յուշարձանի մօտ՝ վառ պահելու սրբացած նահատակների յիշատակը:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան