Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, շաբաթ՝ թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում նշւեց Մայրերի տօնը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած:
Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց դպրոցների ներկայացուցիչները, այլ հրաւիրեալներ եւ ժողովուրդ:
Երեկոն սկիզբ առաւ «Կռունկ»-ի երաժշտութեան ներքոյ՝ Թեհրանի «Զարթօնք» պարախմբի երկու անդամների զուգապարով, ապա բացման խօսքով հանդէս եկաւ Վանա Զոհրաբեանը: Այս խօսքում ընդգրկւած էին մօրը մեծարող ու գովերգող, ինչու չէ նաեւ ՀՀ 100-ամեակի պանծալի առիթին նւիրւած արտայայտութիւններ:
Մի բաժնի մէջբերում բացման խօսքից. «100 տարի առաջ, երբ աշխարհի բոլոր ժողովուրդների հետ հայութիւնն էլ թեւակոխեց 1918 թւական, չգիտէինք, որ մի քանի ամիս յետոյ Կովկասի շրջանի եղելութիւնները ստանալու են այնպիսի ընթացք, որի արգասիքը պատմական Հայաստանի փոքր հողաշերտի վրայ մեր նորագոյն պատմութեան ամենալուսաւոր էջի կերտումը պիտի լինէր»:
Գեղարւեստական յայտագրով ծրագիրը վարեցին Վանէ Շահնազարեանն ու Սեւադա Իսաղուլեանը՝ հետաքրքիր ու պատշաճ մէջբերումներով ու արտայայտութիւններով:
Առաջին բաժինը նւիրւած էր Մայրութեան եւ գեղեցկութեան տօնին, իսկ երկրորդ բաժինը՝ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին: Առաջին բաժնում Շահինշահրի «Նարօտ» երիտասարդական երգչախմբի անդամներ՝ Նարէ Մարկոսեանը կատարեց «Մայրիկ» երգը, իսկ Արգին Շահմիրզայեանը՝ «Հայոց Մայրեր»-ը: «Մայր» բանաստեղծութիւնն ասմունքեց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամ Վանիա Պետրոսեանը, իսկ «Վաղարշապատ» պարային համարը՝ «Զարթօնք»-ը, «Մայր իմ սուրբ ու բարի»-ն մեներգեց Վանանդ Իսաղուլեանը, «Իմ մայրիկ»-ը զուգերգեցին «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի անդամ Թանիա Մինասեանն եւ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Մայրերին նւիրւած յուզիչ բաժինը եզրափակւեց գերպ. Հայր Սուրբի միջոցով «Երազ-երազ» երգի մենակատարմամբ:
Երկրորդ բաժինը սկիզբ առաւ «Նարօտ» երգչախմբի անդամ Արութին Հախնազարեանի «Քայլենք միասին» երգի կատարմամբ. «Առաքել Մուշեղ»-ը կատարեց «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի անդամ Վանա Շիրւանեանը: «Մենք հպարտ ենք» բանաստեղծութիւնը ասմունքեց «Փարոս» խմբից Մեղրի Կարապետեանը եւ «Պատերազմ էք գնում»-ը երգեց «Նարօտ»-ի անդամ Շանթ Թահմազեանը: «Արժանի» երգի կատարմամբ հանդէս եկան Վանանդ Իսաղուլեանն ու Արութին Հախնազարեանը, իսկ «Վաղ թէ ուշ»-ը մեներգեց Թանիա Մինասեանը: «Զարթօնք» պարախումբը հանդէս եկաւ «Սեւանի» եւ «Սիս ու Մասիս» պարերով:
Անզուգական կատարումներով յագեցած այս ձեռնարկի ընդհանուր ղեկավարն էր գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, իսկ «Զարթօնք» պարախմբինը՝ Լորետա Աւետիսեանը: Ծրագրի իրականացման գործում համագործակցութիւն էր ցուցաբերել Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի խմբավար Արմէն Ամիրխանեանը: Երաժշտութիւնների գործիքաւորումը կատարւել էր Հարմա Կարապետեանի միջոցով:
Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, թեմի Պատգ. ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի եւ Բարեգործական ընկերութեան նախագահ Սանդրա Խուդաբախշեանի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին երեկոյի ղեկավարներին ու կատարողներին:
Վերջում արտայայտւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ.վրդ. Քէչէճեանը, ով սկզբում հանդէս եկաւ տօնի առթիւ ջերմ շնորհաւորանքներով ու ձեռնարկի կազմակերպիչներին ուղղւած գնահատանքի խօսքով: Նա ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած լինելու եւ բարձրորակ կատարումների շնորհիւ երեկոն բացառիկ համարեց եւ աւելացնելով, որ հայ ընտանիքում հայրը տաճար է, իսկ մայրը՝ այդ տաճարի սրբութիւնը, ասաց. «Բոլորս հաւատում ենք, Աստւած գերագոյն սրբութիւնն է. Աստւած աշխարհում՝ որպէս իր սրբութեան, գուրգուրանքի, հոգատարութեան եւ գգւանքի մարմնացում Ադամի կողքից ստեղծեց կնոջը, մեզ համար մօրը»: Հայր Սուրբը ակնարկ կատարելով հայ մօր դերակատարութեանը ընտանիքում, դրւատանքի խօսք ուղղեց զոհողութեան խորհրդանիշ բոլոր հայ մայրերին:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան