Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 6-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կայացաւ «Պատուհան» խորագիրը կրող ճանաչողական ֆորումը, որին իրենց մասնակցութիւնն էին բերել 17-ից 35 տարեկան շուրջ 120 երիտասարդներ՝ Թաւրիզից, Ուրմիայից, Թեհրանից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից:
Միջոցառման պաշտօնական բացումը կատարւեց առաւօտեան ժամը 9:30-ին: Բացման հանդիսութեան բաժնում հնչեց կազմակերպիչ յանձնախմբի խօսքը՝ Անասիկ Ծառուկեանի միջոցով, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ արտասանւեց «Տէրունական աղօթք»-ը, երիտասարդութեան զարգացման եւ ազգային կեանքում նրանց ներգրաււածութեան ուղղութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախագծի մասին ընդհանուր ծանօթացումներ տւեցին նոյն խորհրդի անդամներ Սոնիկ Բաղումեանն ու դոկտ. Նորայր Թումանեանը, իսկ ֆորումի նախապատրաստական աշխատանքների ու ծրագրի մասին բացատրութեամբ հանդէս եկաւ մեդիա դաշտի մասնագէտ, ՀՀ հանրային հեռուստատեսութեան արտաքին բաժնի կապերի ղեկավար եւ սոյն ֆորումի համակարգող Էրիկ Անթառանեանը:
Այս ծրագրի համար Հայաստանից հրաւիրւել էին տեղեկատւական տեխնոլոգիաների, մեդիա դաշտի, կիբեռ անվտանգութեան եւ կառավարման բնագաւառների փորձառու մասնագէտներ եւ կենտրոնների ղեկավարներ՝ Արաքսիա Մարտիրոսեանը, Սամւէլ Մարտիրոսեանը, Ամալիա Ղարաքեշիշեանը եւ Իզաբելլա Մանասարեանը: Մասնագէտներն առանձին ելոյթներ ծաւալեցին իրենց ոլորտի վերաբերեալ, ապա վարեցին նախատեսւած 10 աշխատանոցները:
Յանձնախմբի հրաւէրով Նոր Ջուղա էր ժամանել նաեւ «Ալիք» օրաթերթի կայքի խմբագիր Արամ Շահնազարեանը, որը պրն. Անթառանեանի հետ միասին օժանդակեց մասնագէտներին աշխատանոցներն առաւել աշխոյժ վարելու գործում:
Մանրամասնութիւնները՝ հետագայում:
Թղթակից (Նոր Ջուղա)