Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի «Ս. Մինաս», «Ս. Ստեփանոս», «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եւ «Ս. Յովհաննու Կարապետ» ու Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում, կիրակի՝ մարտի 25-ի առաւօտեան:
Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն այցելելով Շահինշահր՝ տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցեց «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, որին մասնակցում էին նաեւ նոյն համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը եւ սարկաւագաց դասը:
Որպէս օրւայ քարոզ՝ պատարագիչ Հայր Սուրբն անդրադառնալով Տիրոջ Երուսաղէմ կատարած յաղթական մուտքին՝ նշեց, որ Ծաղկազարդի թափօրը մեր հինաւուրց աւանդոյթներից է, որին մասնակցելով ծնողներն իրենց հաւատն են փոխանցում զաւակներին: Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր խօսքում հաւատացեալներին յորդորեց, որ եկեղեցական արարողութիւններին ու պատարագներին մասնակցելով, ոչ միայն ստանալ Աստծոյ օրհնութիւնը, այլեւ կենդանի օրինակ հանդիսանալ նոր սերնդին:
Յաւարտ Սուրբ Պատարագի, եկեղեցու բակում տեղի ունեցաւ Ծաղկազարդի աւանդական թափօրը, ապա Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան անդամների ձեռամբ զարդարւած ձիթենու ճիւղերն օրհնւեցին եւ բաժանւեցին ներկայ հաւատացեալներին: Վերջում իրականացւեց մանուկների օրհնութեան կարգը:
Պատարագի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Շահինշահրի «Նարեկ» երգչախումբը:
Նոյն օրը երեկոյեան, Դռնբացէքի արարողութիւնը մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Մինաս», «Ս. Ստեփանոս», «Ս. Աստւածածին» եւ «Ս. Յովհաննու Կարապետ» ու Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում: «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու կարգը տեղի ունեցաւ թեմակալ առաջնորդի նախագահութեամբ եւ կատարողութեամբ: Արարողութեանը մասնակցում էին նաեւ արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանն ու սարկաւագաց դասը:
Բազմաթիւ աւետարանական ընթերցումներից, շարականներից եւ փոխասացութիւններից յետոյ, Հայր Սուրբի միջոցով փակ վարագոյրի առջեւ իրականացւեց երկնային արքայութեան դռների թակելը խորհրդանշող բաժինը, որից յետոյ բացւեց Մեծ պահքի ընթացքում փակ մնացած վարագոյրը:
Այնուհետեւ թեմակալ առաջնորդն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին: Նա անդրադառնալով Դռնբացէքի խորհրդաւոր կարգին՝ որպէս Քրիստոսի երկրորդ գալստեան իրադարձութիւնը եւ վերջին դատաստանը խորհրդանշող արարողութիւն, մէջբերեց սոյն կարգի սկզբնական տողերը՝ «Լեռները պիտի ցնծան Տիրոջ առաջ, քանզի Տէրը գալիս է եւ հասել է ժամը, երբ Տէրը դատելու է երկիրը»: Հայր Սուրբը շարունակութեան մէջ բացատրելով նշւած տողերում յիշատակւած «Լեռ»-ի Աստւածաշնչեան բազմաթիւ իմաստները, յատկապէս ընդգծեց այն իմաստը, որտեղ բառը նկարագրում է այնպիսի անհատների, ովքեր սիրելի են Աստծուն եւ անհամբեր սպասում են Տիրոջ գալստեանը: Նա կոչ արեց, որ նմանւել այդ խմբին պատկանող մարդկանց եւ թերութիւնները գիտակցաբար սրբագրելով՝ Տիրոջ գալստեան ժամանակ արժանանալ Աստծոյ ողորմութեանն ու երկնքի արքայութեանը:
Երգեցողութեամբ հանդէս եկան «Շուշանիկ» երգչախմբի անդամուհիները:
Բոլոր արարողութիւններին ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ:
Թղթակից (Նոր Ջուղա)